Այսօր էլ ապահովագրական փաթեթները ծառայությունների որոշակի շրջանակ են իրականացնում, որևէ համակարգ չի կարող որևէ ծառայություն բաց չթողնել, մեզ համար կարևոր են, թե առողջապահական որ ծառայություններն են փաթեթի մեջ ներառվելու: Այդ մասին, այսօր՝ մարտի 13-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով նրան, որ առողջապահական ապահովագրության համակարգն բոլոր բուժծառայությունները չի ծածկելու:

Նա նշեց, որ այդ մասով շատ են կարևորում հանրային իրազեկումը, որպեսզի ամեն ինչ լինի թափանցիկ և հասկանալի. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ փաթեթի մեջ ներառվելու է այն ծառայությունների հիմնական մասը, որոնց համար մեր քաղաքացիները ֆինանսական բարդությունների առաջ են կանգնում։

Երբ մարդն անհրաժեշտություն է ունենալու վիրահատության, հետազոտության, այս փաթեթը այդ բազային կարիքները հոգալու է։ Իհարկե, կլինեն ծառայություններ, որոնք ապահովագրական փաթեթից դուրս կմնան և սա կլինի մասնավոր ապահովագրական ընկերությունների համար կարևոր դաշտ՝ փակելու դրանք»։

Նախարարն ավելացրեց, որ ծառայությունների հստակ ցանկ է լինելու։