«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 9-ին` կիրակի օրը, Նիկոլ Փաշինյանը իր ողջ թիմին հավաքել ու Գյումրի էր գնացել՝ Գյումրու եւ Փարաքարի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ գալա միջոցառում անցկացնելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Փաշինյանը ՔՊ վարչության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ պետք է երկու ընտրությունների կապակցությամբ դրամահավաք իրականացնել, ու դրա մեկնարկը տվել են կիրակի օրը: Մեր աղբյուրները նշում են, որ այս անգամ դրամահավաքը ՔՊ-ականներն իրականացրել են բացառապես անկանխիկ ձեւով. ՔՊ-ի հաշվին տարբեր գործարարներ, զանազան ոլորտների անձինք գումարներ են փոխանցել: Մենք տեղեկացանք նաեւ, որ դրամահավաքը մինչեւ հիմա շարունակվում է, ու մի քանի օր դեռ ՔՊ-ի հաշվին գումարներ կփոխանցեն: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանից պարզել, թե ի վերջո ինչքան գումար են «հավաքագրել» այս օրերին ընտրությունների համար կազմակերպված դրամահավաքից, վերջինս ասաց՝ դեռեւս չեն ամփոփել, դեռ ոչ ոք տեղյակ չէ, թե ինչ չափի գումարի մասին է խոսքը: «Մենք առաջիկայում հաղորդագրություն կտանք, թե ինչքան գումար է հավաքվել», – «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց Ալեքսանյանը»:


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: