Կլիմայի փոփոխությունը Հայաստանում դարձել է կարևոր հարց, որը լուրջ ազդեցություն ունի երկրի գյուղատնտեսության վրա։ Ջերմաստիճանի, տեղումների քանակի և կլիմայական այլ գործոնների փոփոխություններն անմիջական հետևանքներ են ունենում բուսական աշխարհի վրա։


«Էկոռադար» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Վահագն Սարգսյանի խոսքով՝ վերջին 70 տարիների ընթացքում Հայաստանում միջին ջերմաստիճանը բարձրացել է 1,8 աստիճանով, ինչը բացասական հետևանքներ է ունենում հացահատիկային և բանջարեղենային մշակաբույսերի աճի վրա։


«Կլիմայի փոփոխությունը բացասական ազդեցություն է ունենում մշակաբույսերի վրա, հանգեցնում դրանց աճի զարգացման խանգարումների, հնարավոր է՝ բերքի կորստի։ Ջերմաստիճանի կտրուկ տատանումները նույնպես կարող են հանգեցնել բույսերի մահացության»,- ասաց Վահագն Սարգսյանը:

Կլիմայի փոփոխությունը, մասնավորապեսն ջերմաստիճանի կտրուկ տատանումները, մասնագետի խոսքով, բույսերին կարող են ենթարկել սթրեսի, հանգեցնել նյութափոխանակության խանգարումների, ջրի կորստի, արմատային համակարգի վնասի, ծաղկման և պտղաբերման խնդիրների, ինչպես նաև հիվանդությունների ու վնասատուների զարգացման։


Կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալլա Ալեքսանյանի խոսքով՝ յուրաքանչյուր բուսատեսակ ունի շրջակա միջավայրի պայմանների որոշակի պահանջ, և ջերմաստիճանի փոփոխությունները կարող են էական ազդեցություն ունենալ բույսերի դիմակայության, բերքատվության և բերքի որակի վրա։ Օրինակ, Եվրոպայում կլիմայի փոփոխության պատճառով տարբեր մշակաբույսերի բերքատվությունը վերջին տարիներին նվազել է 6.3–21.2%–ով։ Հայաստանում նույնպես նկատվում են նման միտումներ, հատկապես ցորենի և կարտոֆիլի արտադրության մեջ։ Ամեն 1°C ջերմաստիճանի բարձրացումը նվազեցնում է ցորենի բերքատվությունը մոտ 6%-ով։

Հայաստանում ջրի պակասը նույնպես մեծ խնդիր է գյուղատնտեսության համար։ Կլիմայի փոփոխությունն ուղղակիորեն կապված է անապատացման գործընթացի հետ, ինչը հանգեցնում է հողերի դեգրադացիայի և բերրիության անկման։

«Երկիրը չունի բավարար քանակությամբ ջրային ռեսուրսներ գյուղատնտեսության մշտապես աճող պահանջարկը բավարարելու համար։ Կլիմայի փոփոխությունն ուղղակիորեն կապված է անապատացման գործընթացի հետ, ինչը հանգեցնում է հողերի դեգրադացիայի և բերրիության անկման, որի հետեւանքով դրանք դառնում են ոչ պիտանի գյուղատնտեսական նպատակների համար: Ջրի պակասը էական ազդեցություն ունի մշակաբույսերի արտադրության վրա, և անհրաժեշտ են նորարարական լուծումներ՝ այս խնդիրը հաղթահարելու համար»,- հավելեց Ալլա Ալեքսանյանը:

Հայաստանում կլիմայի փոփոխությանը հարմարվելու և գյուղատնտեսության կայունությունը ապահովելու համար բնապահպաններն առաջարկում են մի շարք միջոցառումներ։

Վահագն Սարգսյանի խոսքով՝ ավանդական գյուղատնտեսությունից հարկավոր է անցում կատարում դեպի օրգանական գյուղատնտեսության։ Այս գործընթացում կարևոր դեր է խաղում կենսահումուսի, թրթնաբակի, գոմաղբի և այլ օրգանական պարարտանյութերի օգտագործումը։ Նաև հավելեց, որ կա տեխնոլոգիա, որը թույլ է տալիս տնային պայմաններում պատրաստել հումուս՝ օգտագործելով սննդային մնացորդները։

Ալլա Ալեքսանյանը ընդգծեց, որ ժամանակակից ջերմատներում հնարավոր է կարգավորել ջերմային, լուսային և ջրային ռեժիմները՝ ելնելով աճեցվող մշակաբույսերի պահանջներից։ Նա նաև առաջարկում է կլիմայամետ խելացի գյուղատնտեսության մեթոդներ, որոնք ներառում են կլիմայի փոփոխությանը դիմակայուն նոր սորտերի մշակումը և ջրային ռեսուրսների կայուն կառավարումը։

Ընդհանուր առմամբ, բնապահպանների խոսքով, կլիմայի փոփոխությունը Հայաստանում մեծ մարտահրավեր է գյուղատնտեսության համար, սակայն ժամանակակից տեխնոլոգիաների և օրգանական գյուղատնտեսության մեթոդների կիրառումը կարող է էականորեն նվազեցնել բացասական հետևանքները։