Անխզելի կապ կա արդարության և իրական կայուն խաղաղության միջև: Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ճանապարհով չեն գնա, քանի դեռ արդարությունը չի հաղթանակել՝ ազատ արձակելով իմ ընկերոջը՝ Ռուբեն Վարդանյանին և մյուս բանտարկյալներին: Այս մասին X-ի իր էջում գրել է աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանը:


«Մայք Ուոլցի խոսքերն ինձ հույս են տալիս, որ ԱՄՆ-ն կապահովի ադրբեջանցիների կողմից այդ պահանջների անհապաղ և անվերապահ կատարումը»,- հավելել է նա եւ տեղադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի գրառումը:


Հիշեցնենք, որ Ուոլցը մասնավորապես, գրել էր. «Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի։ Այս շաբաթ ես զրուցել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ: Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ քայլ են կատարել առաջ և պայմանավորվել են խաղաղության պայմանագիր կնքել։ Ես նրան ասացի, որ մենք պետք է ավարտենք այս խաղաղության պայմանագիրը հիմա, ազատ արձակենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի ապահով և բարգավաճ դարձնելու համար։


Ամերիկայի ոսկե դարը խաղաղություն և բարգավաճում կբերի ողջ աշխարհին, և մենք չենք դադարի աշխատել, քանի դեռ դա տեղի չի ունեցել»:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 16-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին բարձրագոչ հայտարարությունների հաջորդ օրը, Ադրբեջանը երեք անգամ ապատեղեկատվություն է տարածել իր դիրքերի գնդակոծման մասին։