Թուրքական ոստիկանությունը երկուշաբթի՝ մարտի 24-ի առավոտյան, ձերբակալել է 10 լրագրողի, գրում է Politico-ն։

Ինչպես հաղորդում է ամերիկյան պարբերականը, ձերբակալված 10 լրագրողների թվում է նաև ֆրանսիական Agence France-Presse գործակալության լուսանկարիչը։


Նոր ձերբակալությունները տեղի են ունեցել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության ֆոնին, որը զանգվածային ցույցեր է առաջացրել երկրի քաղաքներում:

Ըստ Թուրքիայում լրագրողներին իրավական աջակցություն ցուցաբերող լրատվամիջոցների և իրավունքի ուսումնասիրության ասոցիացիայի՝ լրագրողները ձերբակալվել են Ստամբուլում և այլ քաղաքներում Իմամօղլուի բանտարկության դեմ բողոքի ցույցերը լուսաբանելու համար:

«Մենք նախընտրում ենք այս պահին այլ մեկնաբանություններ չանել», - Politico-ի հետ զրույցում հայտարարել են Ֆրանսպրես գործակալությունից:

Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ մարտի 19-23-ը ձերբակալել են 1133 ցուցարարների։