Հայաստանի եւ Իրանի միջեւ սահմանի անձեռնմխելիությունը կենսական նշանակություն ունի երկու երկրների համար։ Այս մասին Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարը տեղեկացրել է, որ իր գործընկերոջը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման իրավիճակը եւ խաղաղության պայմանագիրը։ Արարատ Միրզոյանը հաստատել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության վերջնական հաստատման Հայաստանի ցանկությունը։ Նրա խոսքով՝ այս ճանապարհին կարեւոր քայլ կարող է լինել Բաքվի հետ խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված տեքստի ստորագրումը։


ՀՀ ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իրանին այս հարցում ունեցած դիրքորոշման համար. «Մենք բազմիցս նշել ենք, որ բարձր ենք գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության անձեռնմխելիության վերաբերյալ, ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար կենսական նշանակություն ունի մեր երկրների միջեւ սահմանի անձեռնմխելիությունը»։


Նախարարը տեղեկացրել է, որ հանդպման ժամանակ քննարկվել են միջազգային հարցեր։ «Իմ կողմից՝ ես ընդգծել եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ ավանդ ներդնել մեր բարեկամական երկրների հետ Իրանի երկխոսությունում»,- նշել է Միրզոյանը։