Մենք շատ կառուցողական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Այս երկխոսության շրջանակում ո՛չ հայկական, ո՛չ էլ թուրքական կողմը նախապայմաններ չեն ներկայացրել։ Մենք հրապարակայնորեն հայտարարել ենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հիմնական նպատակն է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացումը։ Այդ սահմանը 34 տարի առաջ փակվել է թուրքական կողմից։ Այս մասին բրազիլական Correio Braziliense օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հեռանկարին։


«Մենք որոշակի առաջընթաց ենք արձանագրել, մասնավորապես հանվել է օդային բեռնափոխադրումների արգելքն, իրականացվել են ուղիղ չվերթեր, ինչպես նաև վստահության ամրապնդման մի շարք այլ միջոցառումներ։ Մենք համաձայնության ենք եկել, որ առաջին փուլում սահմանը կարող է բացվել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր կրող հայ և թուրք քաղաքացիների համար։ Այս համաձայնությունը, սակայն, դեռևս չի իրականացվել։


Թուրք գործընկերներից լսում ենք, որ նրանք զսպվածություն են ցուցաբերում Հայաստանի հետ սահմանի լիարժեք բացման հարցում՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերջնական կարգավորումը։ Թեև չկա պաշտոնական նախապայման, փաստացի տեսնում ենք, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կապում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ։ Սակայն մենք հավատում ենք, որ եթե նախ բացվեր Հայաստանի և Թուրքիայի սահմանը, դա կարող էր շատ դրական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա։


Թուրքիայի հետ ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածություններից կարելի է նշել, որ մենք երկկողմանի հիմունքներով սկսել ենք սահմանի ենթակառուցվածքային աշխատանքներ։ Հայ և թուրք փորձագետներն արդեն ուսումնասիրում են Գյումրի-Կարս երկաթուղու վիճակը։ Այս գործընթացներն արդեն ընթացքի մեջ են։


Մենք նաև համոզված ենք, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը կախված է հումանիտար հարցերից, այդ թվում՝ անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների զոհերի ճակատագրի բացահայտումից։ Միևնույն ժամանակ, դեռևս կան հայ գերիներ Բաքվում, որոնք անցնում են բեմականացված դատական գործընթացների միջով։ Մենք հավատում ենք, որ նրանց անհապաղ ազատ արձակումը կարող է նպաստել հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև կայուն խաղաղության հաստատմանը»,- ասել է Միրզոյանը։