Պարոն Աղազարյան, ճանաչելով Ձեզ, գիտեմ, որ ուղղախոս մարդ եք, սակայն կարող եք ասել, թե սա ում խոսքերն են՝ ասված ամիսներ առաջ՝ «մենք ամենալավ իշխանությունն ենք»: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում, պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ դիմելով Աղազարյանին:
«Իմ խոսքերն են, չեմ էլ հրաժարվում, բայց այն բանից հետո, երբ ինձ հեռացրեցիք, արդեն ամենալավը չեք, այլ շատ վատն եք»,-ասաց Աղազարյանը:
Գաբրիելյանի հարցին՝ «Բա հիմա ի՞նչ խնդիր ունեք, որ գնաք ու կողմ քվեարկեք, որ Ձեր ընտրած դատախազը, դատավորներն ու քննիչները գործը շարունակեն, Աղազարյանն արձագանքեց. «Խնդիր ունեմ, որ ձեր նման լուսավոր երիտասարդները հանդուրժում են վարչապետի հետևյալ խոսքերը՝ «Կարեն Անդրեասյանը չի հեռացել պաշտոնից, ես եմ իրեն հորդորել, որ հեռանա»: Դա ամենասարսափելի իրողությունն է, որ դուք հանդուրժում եք: Եվ այստեղ ավարտվել է այն Նիկոլ Փաշինյանը, որին ես ճանաչել եմ, ով լսելու ունակություն ուներ և ծնվել է Նիկոլ Փաշինյան ավտորիտար ղեկավարը: Մեր երկրի համար ավտորիտարիզմը կործանարար է»: