ԱՄՆ բանակը կսկսի արհեստական ​​բանականության (ԱԲ) եւ այլ առաջադեմ տեխնոլոգիական լուծումների կիրառումը՝ երկրի ողջ տարածքում զինամթերքի պահեստները ներթափանցման փորձերից եւ դիվերսիաներից պաշտպանելու համար: Այս մասին հայտնել է Defense News պորտալը՝ հղում կատարելով ԱՄՆ բանակի ռազմական մատակարարման հրամանատարության ղեկավար, բրիգադի գեներալ Ռոնի Անդերսոնին։


Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներում մեծ թվով պահեստներ ցրված են ողջ երկրում, եւ դրանց անվտանգության նկատմամբ վերահսկողության պատշաճ մակարդակի ապահովումն ավելի է դժվարանում։ Խոսքն ինչպես ավանդական ռիսկերի, այնպես էլ նոր սպառնալիքների մասին է։ Որպես առաջինի օրինակ՝ նա նշել է որսորդներին եւ այլ զինված անձանց, որոնք պարբերաբար փորձում են մուտք գործել պահեստների տարածք։ Խոսելով նոր ձեւերի մասին՝ նա նշել է, որ վերջին շրջանում գրանցվել է 42 անօդաչու թռչող սարքի ներխուժում պահեստների օդային տարածք։ «Ի՞նչ են անում նրանք՝ մենք չգիտենք, դա չարամի՞տ բան է, թե. պարզապես ինչ-որ մեկի հետաքրքրասիրությունը»,- ավելացրել է գեներալը:


Առանձին պահեստներ ունեն ցանկապատերի մեծ ցանց, բայց յուրաքանչյուր օբյեկտի շուրջ դրանք կառուցելը, նշել է Անդերսոնը, չափազանց մեծ ներդրումներ կպահանջի: Ուստի ցամաքային ուժերը հույսը դնում են նոր տեխնոլոգիաների վրա։ «5 մլն դոլարից պակաս գնով մենք կարող ենք ունենալ շարժական կցասայլ՝ արհեստական ​​ բանականության համակարգով, սենսորներով, տեսախցիկներով, ռադարով եւ հետադարձ կապով, որը կարող է հայտնաբերել եւ զգուշացնել օպերատիվ կենտրոնին վտանգի մասին»,- ընդգծել է հրամանատարը: Նրա կարծիքով՝ ինքնուսուցվող ԱԲ համակարգերը կկարողանան վերլուծել ռիսկերը եւ ճանաչել սպառնալիքները դրանց առաջացման վաղ փուլերում։

Բանակն արդեն սկսել են փորձարկումները երեք արդյունաբերական ընկերությունների հետ Քենտուկիի զինամթերքի պահեստում, որտեղ նրանք գնահատում են ԱԲ-ի վրա հիմնված անվտանգության համապարփակ համակարգի ներդրումը: Հրամանատարությունը նախատեսում է նաեւ նմանատիպ փորձ սկսել Միսուրիի ռազմական գործարանում:

«Հակամարտության դեպքում, որտեղ մարտական ​​գործողություններ կարող են իրականացվել Միացյալ Նահանգների ցամաքում, մենք պետք է վստահ լինենք անվտանգության մեջ, բայց մենք չունենք ռեսուրսներ ամեն անկյունում զինված պահակներ եւ պարեկներ տեղադրելու համար»,- ավելացրել է գեներալը: