Ռուսաստանի Դաշնությունը եւ Հայաստանը շարունակում են բազմաբնույթ քաղաքական երկխոսությունը, երկու երկրների ղեկավարները մշտական կապի մեջ են, Հայաստանի վարչապետն ընդունել է Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին Մոսկվա այցելելու հրավերը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովայի խոսքով՝ կառուցողական բանակցություններ են տեղի ունեցել նաեւ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ. «Վերջերս խորհրդակցություններ են տեղի ունեցել երկու երկրների ԱԳ փոխնախարարների միջեւ. աշխատում են միջկառավարական եւ միջխորհրդարանական մեխանիզմները, ակտիվ միջգերատեսչական փոխգործակցություն կա, ագրոարդյունաբերական համալիրի հիմնախնդիրների շուրջ անցկացվել է կլոր սեղան։ Նախաձեռնություններ կան մշակութային, կրթական, հումանիտար ոլորտներում։ Նախատեսվում է, որ հաջորդ ամիս հայկական պատվիրակությունը կայցելի «Սիրիուս» կրթական կենտրոն՝ արագացնելու Ջերմուկում շնորհալի երեխաների ռուսական կրթական կենտրոնի բացումը»։
Բացի այդ, դիվանագետի խոսքով՝ զարգանում են նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական կապերը. «Անցյալ տարի մեր ապրանքաշրջանառությունը բացարձակ ռեկորդ է սահմանել՝ մոտ 12 մլրդ դոլար: Կարծում եմ, որ Երեւանում զգում են ԵԱՏՄ-ին մասնակցությունից այս ինքնապրակտիկ հատուցումը, գիտակցում են դրա կարեւորությունը երկրի սոցիալ-տնտեսական կայունության եւ անվտանգության համար»:
Զախարովան նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը եւ Հայաստանը համագործակցում են նաեւ այլ միջազգային հարթակներում, մասնավորապես՝ ՄԱԿ-ում. «Մեր մոտեցումները համաշխարհային օրակարգում համընկնում են կամ մոտ են։ Երեւանն ավանդաբար աջակցում է ռուսական բանաձեւերի մեծամասնությանը: Բայց կան հարցեր, որոնք դեռ չեն լուծվել կամ պահանջում են լուծում՝ երկկողմ հարաբերություններին վնաս չհասցնելու համար»։