Լեհաստանի իշխանությունները միլիարդավոր եվրոներ են ծախսում զենք գնելու վրա եւ սկսում են երկրի բնակչությանը նախապատրաստել պատերազմի։ Այս մասին գրել է Politico-ն։

Նշվել է, որ Լեհաստանը դարձել է ՆԱՏՕ երկրների շարքում առաջատարը ՀՆԱ հաշվով պաշտպանական ծախսերով. դրանք հասել են 4,7 տոկոս մակարդակի՝ ներկայիս 2 տոկոսի դիմաց: Երկիրն ունի ամենամեծ բանակը ԵՄ-ում, Վարշավան միլիարդավոր եվրոներ է ծախսում կործանիչներ, հրթիռներ, տանկեր եւ հրետանային համակարգեր գնելու վրա։ «Այժմ պետությունն իր բնակչությանը նախապատրաստում է պատերազմի»,- նշվել է հրապարակման մեջ։


Մարտի սկզբին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել է, որ 2027-ից առնվազն 100 հազար լեհ կանցնի ռազմական պատրաստություն։ Նա այս ծրագրի նպատակն անվանել է «պահեստազորի բանակի» ստեղծումը։ Politico-ի հարցազրույցում լեհական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վեսլավ Կուկուլան բացատրել է, որ ի տարբերություն ԵՄ այլ երկրների, Լեհաստանը, որպես Ռուսաստանի եւ Բելառուսի հետ հարեւան երկիր, չունի պաշտպանության «ռազմավարական տարածքային խորություն»։ «Մենք հարեւաններ ենք Ռուսաստանի Դաշնության եւ նրա դաշնակից Բելառուսի հետ, ուստի մենք չունենք բուֆերային գոտի նրանց եւ մեր միջեւ, եւ մենք միայն սահմանափակ ժամանակ ունենք պատրաստվելու եւ արձագանքելու համար»,- ասել է Կուկուլան:


Նրա խոսքով՝ պահեստազորի պատրաստման մանրամասն պլանը դեռեւս մշակվում է զինվորականների կողմից, որը պետք է ներկայացվի մինչեւ ամսվա վերջ։ Վերապատրաստման դասընթացները կլինեն կամավոր, մի քանի օրից դրանց մասնակիցները պետք է ձեռք բերեն քաղաքացիական պաշտպանության, առաջին բուժօգնության եւ որոշակի մարտական ​​հմտությունների տարրական գիտելիքներ։ Ցանկության դեպքում մասնակիցները կկարողանան ընտրել մեկ ամիս տեւողությամբ վերապատրաստման ծրագրեր։ Զինվորական ծառայության փորձ ունեցող քաղաքացիները նույնպես կկարողանան օգտվել հատուկ դասընթացներից՝ իրենց պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար։


«Ծրագրի առաջին նպատակը պահեստազորի քանակի եւ որակի բարձրացումն է, այժմ հանրապետությունում պահեստազորայինները շատ են, բայց նրանց միջին տարիքը արդեն մոտ 45 տարեկան է։ Եթե ​​Լեհաստանի վրա ճնշումը երկար տեւի, ապա լավ պատրաստված պահեստայինների առկայությունը առանցքային կլինի, որպեսզի նրանք կարողանան գործել պրոֆեսիոնալ զինվորների եւ տարածքային պաշտպանության ուժերի հետ համատեղ: Երկրորդ նպատակն ավելի կարեւոր է՝ մենք պետք է հասարակությանը պատրաստենք ճգնաժամի հետեւանքներին, նույնիսկ եթե ոչ բոլորն են անցել ռազմական պատրաստություն»,- նշել է Կուկուլան։


Ինչպես նշել է պարբերականը, հարցումները ցույց են տալիս, որ կառավարության ծրագրերը վայելում են ժողովրդի աջակցությունը։ Բացի այդ, մի հարցման համաձայն, լեհերի միայն 39 տոկոսն է պատրաստ մասնակցել վերապատրաստման դասընթացներին։ Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի զինված ուժերի վերահսկողության վարչության նախկին ղեկավար, բրիգադային գեներալ Յարոսլավ Կրաշեւսկին քննադատել է Տուսկի ծրագրերը, որոնց համաձայն՝ տարեկան 100 հազար պահեստազորը չի բավարարի, եւ երկիրը պետք է վերադառնա համընդհանուր զորակոչի։