Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն ընդունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, հաղորդել է Tengrinews.kz-ն՝ հղում կատարելով «Ակորդային»։
Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը նշել է, որ անցյալ տարի նախագահների փոխայցելությունները լուրջ խթան են տվել ղազախ-հայկական հարաբերությունների համակողմանի զարգացմանը։
«Ձեր առաջին պաշտոնական այցը Աստանա կարեւոր է մեր գործընկերությունը խթանելու առումով, մենք մեծ համակրանք ունենք հայ ժողովրդի, ձեր պետության հանդեպ»,- ընդգծել է նախագահը։
Պետության ղեկավարը նշել է, որ Ղազախստանը ողջունում է խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը եւ Երեւանի եւ Բաքվի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատումը։ Նրա կարծիքով՝ այս նշանակալից իրադարձությունը կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության հաստատման նախանշանը եւ կնպաստի տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը եւ համագործակցության ակտիվ զարգացմանը ինչպես Ղազախստանի, այնպես էլ Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների հետ։
Իր հերթին հայ դիվանագետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։
«Մենք մեծապես կիսում ենք մեր երկրների միջեւ ռազմավարական գործընկերության ձեր տեսլականը»,- ասել է Արարատ Միրզոյանը։
Նա տեղեկացրել է, որ Հայաստանի եւ Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունները եւ այլ գերատեսչություններն աշխատում են նախորդ տարի Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի Երեւան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները առեւտրատնտեսական, ներդրումային, տրանսպորտի եւ նյութատեխնիկական ապահովման, մշակութային եւ հումանիտար ոլորտներում։ Ղազախստանի նախագահը հայտնել է հայրենական բիզնեսի պատրաստակամության մասին՝ 350 մլն դոլարով ավելացնելու Հայաստան ապրանքների մատակարարումները։