Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն ակնկալում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ համաձայնագիրը հնարավորինս շուտ կստորագրվի։ Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ համաձայնագրի ստորագրումը հետաձգելու որևէ պատճառ գոյություն չունի։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորը նման տեսակետ է արտահայտել «Արմենպրես»-ի թղթակցին հետ զրույցում։

Անդրադարձ կատարելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին և այդ համաձայնագրի շուտափույթ ստորագրման կարևորությանը՝ պատգամավորը շեշտել է, որ անհամբեր սպասում է այդ իրադարձությանը։

«Անհամբեր սպասում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված խաղաղության փաստաթղթի շուտափույթ ստորագրմանը։ Տարածաշրջանը և նրա բնակիչներն արժանի են ինչպես խաղաղությանն, այնպես էլ իրենց իրավունքների հարգմանը»,-ընդգծել է Նատալի Լուազոն։

Խոսելով ընդհանրապես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համաձայնագրի ստորագրման հավանականության մասին այն պայմաններում, երբ ադրբեջանական կողմը շարունակում է նորանոր նախապայմաններ առաջ քաշել՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորը հայտարարել է, որ ինքը համաձայնագրի չստորագրման պատճառներ չի տեսնում։

«Խաղաղության համաձայնագրի ստորագրումը հետաձգելու պատճառ չեմ տեսնում։ Այդ համաձայնագիրը թեթևություն կբերի և երկու երկրներին էլ թույլ կտա նայել դեպի ապագա»,-նշել է Լուազոն։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորը նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանը կկենտրոնանա սեփական քաղաքացիների բարօրության վրա, իսկ Հայաստանը իրեն վերջապես ապահով կզգա հնարավոր հարձակումներից։

«Հուսով եմ, որ Ադրբեջանը կկենտրոնանա ոչ թե իր խաղաղ հարևանին (խմբ․ նկատի է առնվում Հայաստանը) ճնշելու, այլ սեփական քաղաքացիների բարօրությունն ապահովելու վրա։ Հուսամ՝ Հայաստանը իրեն վերջապես ապահովված կզգա հարձակումներից»,-շեշտել է պատգամավորը։

Մեկնաբանելով այն հանգամանքը, որ խաղաղության համաձայնագրի շուրջ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված հայտարարությունից օրեր անց Ադրբեջանը սկսել է ապատեղեկատվություն տարածել, թե Հայաստանի զինված ուժերն իբր թե խախտում են սահմանային հրադադարը՝ եվրոպացի պատգամավորը շեշտել է, որ իրավիճակը բորբոքող հռետորաբանությունը և սխալ ասեկոսեները պետք է դադարեցվեն։

«Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը մատնանշել է, որ սահմանային իրադրությունը հանգիստ է։ Խաղաղությունը պահանջում է այնքան քաջություն, որքան պատերազմը։ Միայն թույլ հոգիներն են վախենում խաղաղությունից»,-ընդգծել է Նատալի Լուազոն։

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու և դրա շուրջ բանակցություններն ավարտելու ուղղությամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ, Ադրբեջանը, մինչդեռ, նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը շարունակում է պնդել կեղծ թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ որպես խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման դնելով ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։ Ադրբեջանի երկրորդ նախապայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Նախապայմաններին զուգահեռ Ադրբեջանը մի քանի օր շարունակում կեղծ լուրեր էր տարածում, թե Հայաստանի զինված ուժերը սահմանի տարբեր հատվածներում իբր կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։