Թեհրանն իրեն իրավունք է վերապահում արագ եւ կոշտ պատասխան տալ Իրանի դեմ ԱՄՆ կամ Իսրայելի ցանկացած ագրեսիայի։ Այս մասին երկուշաբթի ՄԱԿ Անվտանգության խորհրդին ուղարկված նամակում ասել է ՄԱԿ-ում իսլամական հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է մնում տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը եւ անվտանգությանը եւ չի ձգտում էսկալացիայի: Սակայն մենք խստորեն զգուշացնում ենք ցանկացած ռազմական արկածախնդրության դեմ եւ իրավունք ենք վերապահում արագ եւ ուժգին արձագանքել Միացյալ Նահանգների կամ նրա միջնորդի՝ Իսրայելի ռեժիմի ցանկացած ագրեսիային մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ ազգային շահերի դեմ։ ԱՄՆ-ը կրում է ողջ պատասխանատվությունը ցանկացած թշնամական գործողությունների հետեւանքների համար»,- ընդգծել է դիվանագետը։
Մարտի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ երկու շաբաթից պատրաստվում է երկրորդային մաքսատուրքեր սահմանել Թեհրանի վրա, եթե իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում առաջընթաց չգրանցվի։ Նա սպառնացել էր, որ եթե գործարքն ամբողջությամբ մերժվի, իսլամական հանրապետությանը կսպասվի չտեսնված ռմբակոծություն։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին իր հերթին, պատասխանելով Թրամփի սպառնալիքներին, հայտնել է, որ չի հավատում ԱՄՆ ռազմական ինտերվենցիայի հնարավորությանը։ Բայց, նրա խոսքով, եթե Վաշինգտոնը փորձի խռովություն բարձրացնել իսլամական հանրապետությունում, ապա կոշտ պատասխան կստանա։