ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսօր «ամենակարևոր օրերից մեկն է» ամերիկյան պատմության մեջ, քանի որ ակնկալվում է, որ նա կստորագրի գործադիր հրամանը տարբեր երկրների վրա մաքսատուրքեր սահմանելու մասին, հայտնում է CNN-ը։
«Սա մեր տնտեսական անկախության հռչակագիրն է»,-ասել է Թրամփը Սպիտակ տան Վարդերի այգում կազմակերպված միջոցառման ժամանակ՝ հայտարարելով նոր միջոցառումների մասին։
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մաքսատուրքերից գոյացած գումարը կօգտագործի «հարկերի իջեցման և մեր պետական պարտքի մարման համար»:
Ըստ NBC News-ի՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ կներդրվեն «ակն ընդ ական» մաքսատուրքեր՝ հակազդելու համար ոչ միայն այլ երկրների մաքսատուրքերին, այլև «ոչ դրամական» արգելքներին, մասնավորապես՝ արտարժույթի ձեռնածություններին և «շրջական միջավայրի աղտոտմանը»:
ԱՄՆ նախագահը նաև քննադատել է Եվրոպային և Ասիային ավտոմեքենաների մաքսատուրքերի համար, հաղորդում է BBC News-ը։
«Այդ օրերն անցել են»,- ասել է Թրամփը։
Ըստ նրա՝ ԱՄՆ-ը մոտոցիկլետների ներմուծման համար 2,4 տոկոս մաքսատուրք է սահմանում։
Միևնույն ժամանակ, Թաիլանդը և այլ երկրներ շատ ավելի բարձր գներ են սահմանում, օրինակ՝ 60%-ով: Հնդկաստանը գանձում է 70%, իսկ Վիետնամը՝ 75%-ով»,- ասելէ նա:
Երբ խոսքը վերաբերում է առևտրին, երբեմն «ընկերն ավելի վատ է, քան թշնամին», նշել է ԱՄՆ նախագահը։
Նա հայտարարեց, որ Հարավային Կորեայում արտադրված ավտոմեքենաների ավելի քան 80%-ը վաճառվում է Հարավային Կորեայում, իսկ Ճապոնիայում վաճառվող ավտոմեքենաների ավելի քան 90%-ը՝ ճապոնական արտադրության, և որ ամերիկյան արտադրության ավտոմեքենաները միայն փոքր մասն են կազմում այս երկրներում։
Թրամփի հավաստմամբ՝ Ֆորդը շատ քիչ է վաճառում այլ երկրներում, և այդ անհավասարակշռությունը «խարխլել է» ԱՄՆ արդյունաբերությունը։ «Այդ պատճառով կեսգիշերից մենք 25 տոկոս մաքսատուրք կսահմանենք արտասահմանյան արտադրության բոլոր ավտոմեքենաների համար»,-ասել է Թրամփը։