«Ըստ «ժողովուրդ»–ի խմբագրություն զանգահարած քաղաքացիների՝ ՊՊԾ աշխատակիցները «հսկում» են Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի տան ճանապարհահատվածը, որպեսզի նա անվտանգ տուն հասնի։ Մեր զրուցակիցները պատմեցին, որ Երևանի Գայի արձանի հարակից տարածքում մի պուրակ կա, որտեղով Ա. Կարապետյանը ժամը 21:00-ին տուն է գնում։ Այդ հատվածում են «հավաքվում» ՊՊԾ աշխատակիցներն ու մարդկանց արգելում կայանել իրենց մեքենաները, անտեղի տուգանում, «ակտիվ» աշխատանքներ իրականացնում՝ նշելով, թե Երևանի ոստիկանապետը պետք է անցնի այդ տեղով ու տեսնի իրենց աշխատանքը։ «Ժողովուրդ»–ը փորձեց տեղեկությունը ճշտել Ա. Կարապետյանից։ Վերջինս ասաց, թե ինքը նման տեղեկություն չունի, բայց կփորձի պարզել ու պատժել նրանց. «Ես ոնց կարող եմ ժամը 21:00-ին տուն գնալ, երբ դա իմ բուն աշխատանքային փուլն է։ Մինչև Երևանը չհանգստանա, ես տուն չեմ գնում»։