Արցախի Հանրապետության պետական կառույցների պաշտոնական կայքէջերը՝ Nankr.am-ը (ԱԺ), Nkr.am-ը (ԱԳՆ), Nkrgov.am-ը (Կառավարություն), Milnkr.am-ը (ՊԲ) և այլն, այլևս չեն գործում։

Արցախի տեղեկատվական շտաբից Yerevan.Today-ին հայտնեցին, որ պաշտոնական էջերը փակվել են Հայաստանի ԱԱԾ-ի կողմից 2024 թվականի փետրվարին՝ Արցախի ամբողջական հանձնումից մի քանի ամիս անց:

Կապվեցինք ԱԱԾ մամուլի կենտրոն՝ հասկանալու, թե ի՞նչ հիմնավորում և կամ բացատրություն կտան վերոնշյալ խնդրին: Ժամեր անց ԱԱԾ-ից հետզանգ ստացանք և առաջարկեցին դիմել գրավոր։

Հիշեցնենք. 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում կայացած քառակողմ (Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել) հանդիպման արդյունքներով Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, որից մեկ տարի անց՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա ձեռնարկեց՝ գրավելով և հայաթափելով Արցախը:


Արցախի ամբողջական հանձնումից հետո ՀՀ իշխանությունները կարծես թե ցանկանում են ազատվել այն ամենից, ինչ կապված է Արցախի հետ, քանի որ Հայաստանի պետական կառույցների պաշտոնական կայքէջերից (ՊՆ, Դատախազություն, ԱԳՆ և այլն) ևս հեռացվել են Արցախի հետ կապված բաժինները:

Զավեշտ է այն, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե արգելել է կայքերում թարմացումներ անել, այլ պարզապես կարգադրել է փակել, և տասնամյակներով գործած կայքերը՝ բազմահազար արխիվային նյութերով, պարզապես ոչնչացվել են։