«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 2-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի ունեցած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստի ժամանակ ուշագրավ իրավիճակ է եղել:

Նշենք, որ օրակարգում ընդգրկված է եղել կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացված աշխատանքների ներկայացումը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը զեկուցել է կոռուպցիոն ռիսկերի գնահատման եւ կառավարման համակարգում պիլոտային մեթոդաբանությունների ներդրման, օրենսդրական կարգավորումների, բարեվարքության ուսումնասիրությունների համակարգում օրենսդրական փաթեթի ընդունման եւ դրա վերաբերյալ ընդհանուր միտումների մասին:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այդ հանդիպման ժամանակ ՀԿ սեկտորի ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ այն, ինչ քննարկվում է կոռուպցիայի առնչությամբ, կարելի է ասել, «ջուր ծեծոցի» է, եւ առավել ճիշտ կլինի, որ այս պահին սկսեն քննարկել իշխանության ներսի ամենակարկառուն ներկայացուցիչ, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ կոռուպցիոն մեխանիզմների մեջ լինելու փաստը, եւ քննել հենց նրա հարցը:

Սակայն Նիկոլ Փաշինյանը, որեւէ կերպ ընթացք չի տվել եւ որեւէ ձեւով չի արձագանքել այդ հայտարարությանը:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե որքանով է իրական մեզ փոխանցված այս տեղեկությունը:

Զրուցեցինք ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ, ով ներկա է եղել հանդիպմանը: Պատգամավորը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն առաջին անգամ է լսում այդ հայտարարության մասին:

Նշենք, որ ըստ քաղաքական շրջանակներում պտտվող լուրերի՝ Տիգրան Ավինյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել ու, կարծես թե, Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի առաջիկայում լրջորեն «զբաղվել» Ավինյանով, քանի որ սեպտեմբերին ՔՊ-ն նոր վարչության կազմ է ընտրելու, ու Փաշինյանը նպատակ ունի «ավինյանական թեւին» չեզոքացնելու»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: