«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի սահմանադրականության հարցով ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդակցական սենյակում բավականին լուրջ քննարկումներ են:

Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ մասնագետները խորհրդակցական սենյակում հարց են բարձրացրել, որ օրենքը կիրառողների վերլուծություններն ու կարծիքները բավարար չեն, եւ այս առումով պետք է այդ օրենքը կիրառող դատարանների դատավորների կարծիքները եւս լինեն, որպեսզի ՍԴ-ն կարողանա վերջնական որոշում կայացնել:

Ուշագրավն այն է, որ ՍԴ-ն իր ողջ կազմով չի քննում ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործի քննության մասնակցությունը անհնարին է համարվել: ՀՀ ՍԴ-ն որոշել է, որ Հրայր Թովմասյանը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի նկատմամբ, ինչպես նաեւ նա գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ ինքն անձամբ եւ իր մերձավոր ազգականը տնտեսական շահ ունեն՝ կապված վեճի էության հետ:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն ապօրինի գույքի բռնագանձման գործով գնացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Նշենք, որ այս գործի քննությունը Սահմանադրական դատարանում կասեցված էր 2023 թվականից: Այս տարվա Մարտի 25-ին ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ վերսկսել է գործի վարույթը։

Հիշեցնենք, որ ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը բարձրացվել է Ազգային ժողովի պատգամավորների մեկ հինգերորդի դիմումի հիման վրա, եւ բարձրացվել էր ամբողջ օրենքի սահմանադրականության հարցը։

Գործի վարույթը վերսկսելու Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման մեջ նշվում է, որ ստացվել են գործով պահանջված ապացույցները եւ դրանց վերլուծության եւ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ կասեցման հիմքերը վերացել են:

Նշենք, որ գործը ՍԴ-ում գրավոր ընթացակարգով է քննվել։ Զեկուցողը ՍԴ փոխնախագահ Վահե Գրիգորյանն է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: