«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Վազգեն Սարգսյան. վերջին սպարապետը» ֆիլմը հայկական «պռակատում» ռեկորդ է սահմանել` 28 օրում մոտ 130 հազար մարդ է դիտել, եւ դա՝ միայն Երեւանում: Հայկական ֆիլմերից ոչ մեկը նման հետաքրքրություն չէր առաջացրել, եւ դեռ շարունակվում է հոսքը․ բոլոր կինոթատրոններում ֆիլմը ցուցադրվում է, եւ տոմսերը սպառվում են ամբողջությամբ: Մենք տեղեկացանք, որ ֆիլմն արդեն թարգմանվել է անգլերեն, եւ արտադրողներն այժմ բանակցում են «Նեթֆլիքս» ֆիլմերի համաշխարհային ընկերության հետ` նրա ֆիլմացանկում Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմի ցուցադրությունն ընդգրկելու համար: Բացի այդ, ֆիլմը ներկայացվել է տարբեր միջազգային փառատոների` որպես մրցութային ֆիլմ: Տեղեկացանք նաեւ, որ ֆիլմը նկարահանած Genetic Production ընկերությունը պատրաստվում է շարունակել մեր ազգի հերոսական կերպարների մասին ֆիլմարտադրությունը, եւ այժմ քննարկում են մյուս ֆիլմի հերոսի ընտրության հարցը:
Մեր տեղեկություններով` բանակցում են հաջորդ ֆիլմն ազգային հերոս Մոնթեի մասին նկարահանելու վերաբերյալ: Չնայած Մոնթեի մասին տեղեկություններն ավելի սակավ են, քան Վազգեն Սարգսյանի մասին տեղեկություններն ու փաստական տվյալները, բայց պրոդաքշընում համոզված են, որ Մոնթեի մասին էլ ոչ պակաս հաջող ֆիլմ են նկարելու»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: