«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 7-ից համացանցում մեծ ֆուրոր է առաջացրել Ջենիֆեր Լոպեսի՝ «ՋեյԼո»-ի կայանալիք մենահամերգը Երեւանում։

Հանգամանքը, որ հանրային մեծ ճանաչում ունեցող ամերիկացի երգչուհին մենահամերգ է տալու ՀՀ-ում, հիանալի է, սակայն ինչքանով է փաստ, որ երգչուհին կգա Հայաստան, պարզ չէ, քանի որ նմանօրինակ դեպքի մեկ անգամ բախվել է Հայաստանի Հանրապետությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանում պետք է ելույթ ունենար մեկ այլ արտիստ՝ ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը, որի համերգն ի սկզբանե նախատեսված է եղել 2023 թվականի սեպտեմբերի 23-ին, որը հետաձգվեց, այնուհետեւ չեղարկվեց։

Սնուփ Դոգի պարագայում հայտնի էր, թե որ ընկերությունն է կազմակերպել ռեփերի համերգը Երեւանում, սակայն «ՋեյԼո»-ի դեպքում ամեն բան մշուշոտ է, եւ մինչ այս պահը պարզ չէ, թե ով է կազմակերպել երգչուհու համերգը։

«Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ Կառավարության, Երեւանի քաղաքապետարանի հետ՝ պարզելու, թե ունեն այդ կառույցները որեւէ կապ «ՋեյԼո»-ի՝ Երեւանում կայանալիք համերգի հետ, թե ոչ. սակայն նշված բոլոր կառույցներից ստացանք ժխտողական պատասխան։

Նշենք, որ երգչուհու համերգը տեղի է ունենալու Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում օգոստոսի 3-ին։

«Ժողովուրդ» օրաթերթը նույն հարցով կապ է հաստատել նաեւ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի ներկայացուցիչների հետ։ Մարզադաշտից փոխանցեցին, որ իրենք ոչնչից տեղյակ չեն։

Թե ո՞ւմ հովանավորությամբ, ջանքերով եւ/կամ հորդորով է «ՋեյԼո»-ն գալիս Հայաստան, պարզ չէ. մնում է միայն սպասել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: