Եթե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ստորագրվի համաձայնագիր, ապա, իհարկե, այդ ժամանակ համագործակցություն սկսելու ոչ մի խոչընդոտ չի լինի։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտնել է նախագահ Իլհամ Ալիեւը «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով համաժողովում։


«Կարծում եմ, որ մենք չպետք է ժամանակ կորցնենք, որովհետեւ, կրկին, խաղաղության համաձայնագրի հարցում գնդակը Հայաստանի դաշտում է։ Ես արդեն բազմիցս հրապարակայնորեն հայտարարել եմ, թե ինչ ենք մենք սպասում Հայաստանից մեր տարածքային ամբողջականության եւ նրանց սահմանադրության հարցում»,- հայտնել է Ալիեւը։


Նրա խոսքով՝ «հենց որ դա արվի եւ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, այդ ժամանակ չի լինի որեւէ խոչընդոտ Հարավային Կովկասի համար, որպեսզի փորձի դառնալ ինտեգրված տարածաշրջան։

«Ես կարծում եմ, որ դա կարող է լինել շահեկան իրավիճակ Հարավային Կովկասի երեք երկրների համար։ Եվ իրատեսներ լինելով՝ մենք չենք կարող պատկերացնել, որ անմիջապես կդառնանք բարեկամ Հայաստանի հետ։ Դա իրական չէ, եւ անգամ խոսելն ինչ-որ տնտեսական ինտեգրման մասին վաղաժամ է։ Բայց մենք պատրաստ ենք այն բանին, որպեսզի սկսենք ոչ մեծ քայլեր անել վստահության ամրապնդման հարցերում»,- նշել է Ալիեւը։