Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը ամենատարբեր պատրվակներով եւ առանց դրանց հետաձգելով խաղաղության պայմանագրի ստորագրումը, չի մոռանում մեղադրել Հայաստանին։

Այսպես, կշտամբանքների հաջորդ խմբաքանակը հանգում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջին։


«Ինչպես կզարգանա հետպատերազմյան իրավիճակը՝ հիմնականում կախված է Հայաստանից, մենք վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ դրել անջատողականությանը եւ վերահսկել մեր սահմանները։ Եվ մեզ համար այդ հարցը փակված է։ Բայց դա չի նշանակում, թե մենք պարզապես անտեսելու ենք պոտենցիալ սպառնալիքներն ու պոտենցիալ վտանգները»,- ասել է Ալիեւը «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով համաժողովում՝ ընդգծելով. «մենք միշտ պետք է պատրաստ լինենք հակահարված տալու»։


Ալիեւի կարծիքով՝ Ադրբեջանի հարցում հայկական քաղաքական իսթեբլիշմենթում պառակտում չկա. այն համախմբված է։ «Դա ուղղակի բառապաշարի, վարքագծի եւ մարտավարության հարց է, էությունը չի փոխվում, եւ մենք պետք է պատրաստ լինենք դրան: Այլ խոսքով՝ քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, եւ Հայաստանը ամբողջությամբ չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջներից, որոնք դեռ առկա են իրենց Սահմանադրության մեջ, եւ չի ցուցաբերել անկեղծություն Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու իր վարքագծում, նոր ռազմական առճակատման վտանգը միշտ կլինի»։