ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը կարող է ղեկավարել պոտենցիալ ռազմական գործողությունն Իրանի դեմ, եթե երկու կողմերը չկարողանան համաձայնության գալ միջուկային ծրագրի շուրջ, գրում է The Times of Israel-ը։

Ամերիկացի առաջնորդը, պատասխանելով Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հարցին, թե հնարավոր է ռազմական միջոցներ կիրառել Իրանի դեմ, եթե Թեհրանը չհամաձայնի միջուկային գործարքին, վստահեցրել է, որ «եթե դրա համար ռազմական միջոցներ անհրաժեշտ լինեն, մենք դրանք կունենանք»։


«Իսրայելն ակնհայտորեն շատ է ներգրավված դրանում. նրանք կլինեն առաջատարը», – ասել է Սպիտակ տան ղեկավարը:

 

Սա, հնարավոր է, առաջին դեպքն է, երբ Թրամփը բացահայտորեն սպառնում է Իսրայելի հարվածով Իրանին, էլ չասած՝ հրեական պետության գլխավորությամբ:

Թրամփը նաև հավելել է. «Մեզ ոչ ոք չի ղեկավարում, մենք անում ենք այն, ինչ ուզում ենք անել»։

Նա նաև նշել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն «անկասկած» ռազմական ուժ կկիրառի Իրանի դեմ, և որ ինքը ժամանակացույց ունի, թե որքան ժամանակ կպահանջվի դրա համար: Հաղորդվում է, որ Թրամփը գործընթացին երկու ամիս ժամանակ է տալիս։

ԱՄՆ նախագահն ասել է, որ շաբաթ օրը Օմանում նախատեսված գագաթնաժողովը գործընթացի «սկիզբն» է։ Մերձավոր Արևելքում նրա բանագնաց Սթիվ Ուիտկոֆը կներկայացնի Միացյալ Նահանգները, իսկ Իրանը կներկայացնի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Թրամփն ասել է, որ բանակցություններն ուղղակի են լինելու, իսկ Իրանը հայտարարել է, որ դրանք կանցնեն միջնորդի միջոցով։

«Մենք քիչ ժամանակ ունենք, շատ ժամանակ չունենք, քանի որ թույլ չենք տա նրանց միջուկային զենք ունենալ: Մենք թույլ կտանք, որ նրանք ծաղկեն: Ես ուզում եմ, որ նրանք զարգանան: Ես ուզում եմ, որ Իրանը մեծ լինի: Միակ բանը, որ նրանք չեն կարող ունենալ, միջուկային զենքն է: Նրանք դա հասկանում են», – ընդգծել է ԱՄՆ նախագահը: