Չինաստանը կգնա մինչեւ վերջ ԱՄՆ առեւտրային ճնշմանը դիմակայելու հարցում։ Այս մասին այսօրվա ճեպազրույցներում հայտնել են Չինաստանի ԱԳ եւ առեւտրի նախարարությունների պաշտոնական ներկայացուցիչները, տեղեկացրել է CGTN-ն։
«Բանակցություննե՞ր։ Դռները բաց են, բայց երկխոսությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի եւ իրավահավասարության վրա։ Դիմակայությո՞ւն։ Չինաստանը պատրաստ է դրան մինչեւ վերջ։ Ճնշումը, սպառնալիքները եւ շանտաժը Չինաստանի հետ գործեր վարելու ճիշտ ուղի չեն»,- հայտնել է Չինաստանի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հե Յունցյանը։
Իր հերթին, Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը հայտնել է, որ Չինաստանը ձեռքերը ծալած չի հետեւի տեղի ունեցողին. «Մենք ձեռքներս չենք ծալի՝ հետեւելով չինացի ժողովրդի իրավունքների եւ շահերի ոտնահարմանը եւ բազմակողմ առեւտրային համակարգի, միջազգային առեւտրատնտեսական նորմերի ոչնչացմանը։ Եթե ԱՄՆ-ը համառի մաքսատուրքերի եւ առեւտրային պատերազմի հարցում, Չինաստանը կգնա մինչեւ վերջ։ ԱՄՆ-ը իր շահերը վեր է դասում միջազգային հանրությունից, առաջ է տանում իր հեգեմոն շահերը՝ ի հաշիվ ողջ աշխարհի երկրների օրինական շահերի, ինչն անխուսափելիորեն առաջ կբերի միջազգային հանրության դիմադրության աճ»։