Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խաչատրյանը թուրք մրցակցի նկատմամբ տպավորիչ հաղթանակ տարավ:
Եվրոպայի բրոնզե մեդալակիրը 55 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում գոտեմարտեց 2022թ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Մ23 Եվրոպայի չեմպիոն, թուրք Էմրե Մուտլուի հետ եւ 9:0 հաշվով հաղթանակ տարավ երկրորդ մրցափուլի մեկնարկից 5 վայրկյան անց:
Կիսաեզրափակիչում Խաչատրյանի մրցակիցը կլինի աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ադրբեջանցի Էլդենիզ Ազիզլին:
Երեկոյան մրցահերթում կիսաեզրափակիչի գոտեմարտեր կանցկացնեն նաեւ Մալխաս Ամոյանը (77կգ) եւ Կարեն Ասլանյանը (63 կգ):
Մալխաս Ամոյանի մրցակիցը Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանն է:
Կարեն Ասլանյանը ուժերը կչափի ուկրաինացի Անդրեյ Սեմենչուկի հետ:
Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը 77 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում 7:2 հաշվով առավելության հասավ մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյի նկատմամբ: Եվրոպայի եռակի չեմպիոնը 1/8 եզրափակիչում ժամանակից շուտ 9:0 հաշվով պարտության էր մատնել աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն, լեհ Մատեուշ Բենրատեկին:
Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը քառորդ եզրափակիչում 30 վայրկյանում 8:0 հաշվով հաղթեց լեհ Մայրբեկ Սալիմովին:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմից պարտություններ են կրել Կարեն Խաչատրյանը (87 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ):