Քիչ առաջ ավարտվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստը, որտեղ քննարկվում էր համաներում հայտարարելու մասին Սերժ Սարգսյանի առաջարկությունը:

Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ նախագահի համաներման առաջարկությանը:

«Համաներումը ենթադրում է, որ կալանավորների մի մասը միանգամից կազատվի, մյուսների պատժի չկրած մասը կկրճատվի և կան հոդվածներ, որոնց վրա ընդհանրապես չի տարածվի»,-իր խոսքում ասաց Հրայր Թովմասյանը:

Լրագրողի այն հարցին, թե հնարավոր է, որ համաներումն ազդի նաև ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի վրա, Հրայր Թովմասյանը պատասխանեց.

«Տիգրան Առաքելյանին մեղսագրվող հոդվածն ընկած չէ սահմանափակումների տակ: 2011-ին համաներումն ազդել է հազար երկու հարյուր կալանավորի վրա, այս տարի գուցե մի փոքր ավելի շատ, քանի որ չսահմանափակման տակ ընկած հոդվածների քանակը մեծացել է»:

Նախարարն հավելեց, որ կան երկրներ, որոնք համաներում են հայտարարում ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար:

«Մենք այսօր ունենք ընդամենը սահմանվածից մոտ 250 ավելի կալանավոր: «Արմավիր» ՔԿՀ-ն շահագործելուց հետո այդ հարցը լուծվելու է, ուստի ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածությունը չէ համաներում հայտարարելու առաջնային պատճառը»,-նշեց նախարարը:

Հարցին՝ ու՞մ վրա է ազդելու համաներումը, Հրայր Թովմասյանը մի անեկդոտ հիշեց. «Մեկին հարցնում են՝ Հայրենական պատերազմի ժամանակ քանի մարդ է մահացել, սա ասում է՝ քսան միլիոն, ասում է՝ դե բոլորի անունն ասեք՚՚: Համաներումը դուք ներման հետ մի շփոթեք, ներման ժամանակ են անուններ լինում, համաներման ժամանակ լինում է արարք, հոդված, այնպիսիք, ինչպիսիք են՝ առաջին անգամ դատապարտված, մինչև տասնութ տարեկանը հանցագործություն կատարած, հղի վիճակում, մինչև երեք տարեկան երեխա ունեցողները»:

Լրագրողի այն դիտարկմանը, թե ինչով էր նպատակահարմար հիմա համաներում հայտարարելը, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Նպատակահարմարությունը որոշում են ՀՀ նախագահն ու Ազգային ժողովը: