Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսում են հայ ծանրորդները: Ապրիլի 14-ին Հայաստանը կունենա երեք մասնակից:
Կանանց 55 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը եւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Իզաբելա Յայլյանը, տղամարդկանց հավաքականից մրցահարթակում կլինի Գառնիկ Չոլակյանը (61 կգ):
2024 թ. Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց չեմպիոնի կոչումը: Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 196 կգ արդյունք (81+115):
2024 թ. Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացված աշխարհի առաջնությունում 55 կգ քաշայինների պայքարում Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 205 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ։ Պոկում վարժությունում նա 85կգ-ով գրավեց 12-րդ տեղը, հրում վարժությունում բարձրացրեց 120 կգ՝ նվաճելով նաեւ փոքր արծաթե մեդալ։
Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ:
Իզաբելա Յայլյանը Սոֆիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում երկամարտում գրանցեց 180 կգ արդյունք (80+100)` զբաղեցնելով 7-րդ տեղը: 2023 թվականին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Յայլյանը երկամարտի 196 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ (87+109):
Քիշնեւում ընթացող Եվրոպայի առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտում 205 կգ նախնական հայտ է ներկայացրել, Իզաբելա Յայլյանը՝ 200 կգ:
55 կգ քաշային կարգի A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին:
Տղամարդկանց 61 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա Գառնիկ Չոլակյանը:
22-ամյա գյումրեցի ծանրորդը Եվրոպայի Մ23 առաջնության կրկնակի չեմպիոն է, ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների չեմպիոն, 2021 թ. Հայաստանի չեմպիոն է: 2024 թ. Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացված աշխարհի առաջնությունում Գառնիկ Չոլակյանն երկամարտում 7-րդն էր: Հայաստանի ներկայացուցիչը պոկում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
Տղամարդկանց Հայաստանի հավաքականի առաջին ներկայացուցիչը հանդես կգա A խմբում: Նախնական հայտը երկամարտում 280 կգ է:
Գառնիկ Չոլակյանի մասնակցությամբ պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: