Մեծ ծավալով բանակի բարեփոխումներ են տեղի ունենում, բայց փորձ է արվում ներկայացնել, որ ՀՀ-ն բանակը զարգացնում է, սպառազինվում է, որ հարձակվի այս կամ այն ուղղությամբ: Ես պաշտոնապես ասել եմ և ասում եմ, որ ՀՀ բանակը ՀՀ ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս խնդիր չունի և չի ունենալու: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում կառավարության գործունեության 2024-ի կատարողականի հարցը քննարկման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նույնիսկ Հայաստանի օկուպացված՝ ավելի քան 200 քառակուսի կմ տարածքների մասով բանակի առաջ խնդիր չի դրվելու, որովհետև սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը, որը երկու երկրներում վավերացվել է, մեխանիզմներ են ստեղծում, որպեսզի այդ հարցերը խաղաղ ճանապարհով լուծվեն»,- ասաց նա՝ հավելելով, որ բանակը «պետության ատրիբուտ» է, պե՛տք է ունենալ պաշտպանունակ բանակ:
Այս համատեքստում Փաշինյանը նաև հայտարարեց, որ երկրի անվտանգությունն ապահովելու գործում բանակը միակ և առաջնային գործիքը չէ. «Առաջնային գործիքը խաղաղություն է, ինչի հետևից մենք գնում ենք»: