Գերագույն Ռադան հերթական անգամ աջակցել է Ուկրաինայում ռազմական դրության եւ ընդհանուր զորահավաքի երկարաձգմանը։

Իրավական ռեժիմն ուժի մեջ կմնա առնվազն եւս 90 օր, հայտնել է РБК-Украина-ն՝ հղում կատարելով Voice-ի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի Telegram-ալիքին։


Ինչպես հաղորդել են ուկրաինական լրատվամիջոցները, ժողովրդական պատգամավորներն այսօրվա նիստում պաշտպանել են թիվ 13172 եւ 13173 օրինագծերը։

Նախօրեին դրանք խորհրդարանում գրանցվել էին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից։

Ռազմական դրությունը երկարաձգելու օգտին քվեարկել է 357 ժողովրդական պատգամավոր։

Համընդհանուր զորահավաքի երկարացմանն աջակցել է 346 պատգամավոր։

Միայն «Եվրոպական համերաշխություն» կուսակցության պատգամավոր Օլեքսի Գոնչարենկոն դեմ է քվեարկել ռազմական դրության եւ մոբիլիզացիայի երկարացմանը։

Սա ռազմական դրության եւ համընդհանուր մոբիլիզացիայի արդեն 15-րդ երկարաձգումն է։ Դրանք կգործեն 2025թ. մայիսի 9-ից, 90 օրով, մինչեւ օգոստոսի 6-ը։

Համապատասխան փաստաթղթերը պետք է ստորագրի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։