«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2019 թվականին Գյումրի կատարած այցի ժամանակ 41 համարի կոշիկ նվեր ստացած, սակայն 42 համարի կոշիկ հագնող վարչապետը ուրացել է հետհեղափոխական խոստումները։

2019 թվականի ապրիլի 5-ին Գյումրու Ավտոկայանի տնակային 104-րդ ավանում առկա 164 տնակների բնակիչներին Փաշինյանը խնդրել էր սպասել, մինչեւ տնակների օրինականության ու պետության կողմից նրանց նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ հարցերը կստանան իրենց պատասխանները։

Խոստումից անցել է 6 տարի, հեղափոխությունից՝ 7, Սպիտակի երկրաշարժից՝ 37 տարի, սակայն մինչեւ այսօր 20-ից ավելի ընտանիք սպասում է բնակարանների սեփականության բաղձալի վկայականին, իսկ մի մասը նոր տուն ստանալու հույսով 37 տարի ապրում է «վագոնում»։


2013 թվականին Նիկոլ Փաշինյանի օրաթերթը իրեն հատուկ ձեռագրով գրել էր. (https://armtimes.com/hy/article/46517). «Չնայած նախ Ռոբերտ Քոչարյանի, հետո Սերժ Սարգսյանի` Գյումրին զարգացման գոտի դարձնելու հայտարարություններին` արվեստների քաղաքում այսօր արդյունաբերություն չկա, աղքատությունը ամենաբարձրն է Հայաստանում` 45-47 տոկոս, արտագաղթի տեմպը նվազելու միտում չունի, իսկ ավելի քան 4000 ընտանիք վագոն-տնակում է ապրում: Եթե մոտակա տարիներին նրանց հարցը չլուծվի, 10 տարի հետո կունենանք ոչ թե 4000, այլ 7000 անօթեւան ընտանիք»:

Եթե Գյումրիում 2013 թվականից մինչեւ 2018 թվական ինչ-որ բան «չէր փոխվել», ապա 7 տարի անց ամեն բան ավելի է խորացել։

«Ժողովուրդ» օրաթերթին գյումրեցիները պատմեցին, որ հեղափոխական 4 քաղաքապետերն էլ կաբինետներից դուրս են արել իրենց՝ տան թղթերով հանդերձ, ասել են, որ սպասեն, իսկ իշխանության խոստումները մնացել են միայն մամուլի էջերում։

Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով «Գյումրու օր-2019» տոնական համերգի ժամանակ, ասել էր. «Եվ ուզում եմ ամենակարեւոր արձանագրումն անել. մենք պետք է փոխենք Գյումրիի ընկալումը։ Բավակա՛ն է՝ մենք Գյումրի ասելով հասկանանք աղետի գոտի, որովհետեւ Գյումրին աղետի գոտի չէ»։

Գյումրին հիմա այնքանով է աղետի գոտի, որ աշխատատեղեր չկան, քաղաքի կեսն արտագնա աշխատանքի է, եւ սա չկատարված խոստումներից մեկն է։ Գյումրին աղետի գոտի է, որովհետեւ աշխատատեղերի քանակը չի բավականացնում գյումրեցիներին, 1000 դրամով ավելացված՝ 38 հազար դրամ կազմող թոշակով 82 ամյա կինը Գյումրու վագոն-տնակում քաղցած է գիշերում։

Ստացվում է, որ «հատիկ առ հատիկի» էյֆորիայի մեջ Փաշինյանը մոռացել է հեղափոխական սկզբունքները եւ նախընտրական խոստումները։

Հարցական է, թե ընդդիմության հաղթանակից հետո Փաշինյանը Գյումրու «ապաքինման» մասին կխոսի նույն ջանասիրությամբ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: