«Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում խոսեց Սյունիքի թիվ 38 ընտրատարածքի ընտրությունների, խախտումների և նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազդեցության մասին:

«Մենք գիտենք ՀՀԿ-ական մարզպետին, ով Սյունիքը դարձրել էր իր իշխանական կալվածքների տարածքը: ՀՀԿ-ի թեկնածուն Սուրեն Խաչատրյանի թեկնածուն էր, նրա ազդեցությունը շարունակում է մնալ»:

Ըստ Դավիթ Սանասարյանի, Վահե Հակոբյանից մարդիկ չէին վախենում, դեռ վախը կար Սուրիկ Խաչատրյանից եւ դա մեկ օրվա, մեկ տարվա կուտակված վախ չէ, որ այդպես արագ անցնի:

Դավիթ Սանասարյանը խնդիրներից մեկն էլ համարեց քաղաքական ուժերի կողմից աջակցություն չստանալը. «Բայց այնպես չէ, որ չեն աջակցել, դրա համար չենք հաղթել»:
Նրա խոսքերոբ, նախագահական ընտրությունների հետ պետք չէ համեմատել այս ընտրությունները, քանի որ դրա նկատմամբ որոշակի անտարբերություն կար:
Իսկ ըստ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանի խոսքերով, եթե վախենային, մարդիկ չէին գնա ընտրության եւ վախի մթնոլորտի հետ կապել դա չի կարելի:

Այն հարցին թե հիմա Սյունիքում չկա՞ Սուրիկ Խաչատրյանի ազդեցությունը, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Մարդ, որը մասնակցել է պատերազմին, մարդ որը երկար տարիներ եղել է պաշտոնի, ո՞նց կարող է դա մեկ օրում վերանալ: Եթե երկու տասնամյակ մարդը որոշակի խնդիրներ է լուծել այդ տարածքում, միանգամից ազդեցությունը չեզոքացնել չի լինի», - հայտարարեց նա: