«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն անհետացել է՝ նա մի կողմ քաշված, հետեւում է արցախցիների օր օրի խորացող խնդիրներին եւ պայքարին, բայց գրեթե ոչ մի տեղ չի երեւում։ Շահրամանյանը ոչ արցախցիների՝ մարտի 29-ի հանրահավաքին երեւաց, ոչ այցելել է Ազատության հրապարակում տեղադրված արցախցիների վրան, մինչդեռ ենթադրվում էր, որ պետք է հրապարակային ելույթներ ունենա եւ այդ պայքարն առաջնորդի։
Մեզ պատմեցին, որ վերջերս նրա հետ բավականին ծանր խոսակցություն են ունեցել Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, նրան մեղադրել են անտարբերության, արցախահայության խնդիրներին անհաղորդ լինելու մեջ։

Փաստ է, որ ՀՀ իշխանությունն ամեն ինչ անում է, որ արցախցիների մի մասին վախեցնելով ու սպառնալով, մյուսներին՝ գայթակղելով կամ պառակտելով՝ ապաակտիվացնի, հեռացնի փողոցից ու հրապարակից։ Գրել էինք, որ Արցախի ԱԺ-ն օրերս նիստ է գումարել, ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծ՝ երկարաձգելով Արցախի նախագահի եւ խորհրդարանի լիազորությունները։ Այդ նիստից առաջ կրքերը թեժացել են։ Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավորները մեղադրանքներ են ուղղել ընդդիմադիրներին, թե արցախցիների թեման պետք չէ կապել Հայաստանում իշխանափոխության հետ, պետք չէ քաղաքականացնել։ Իսկ արմատական թեւը գտնում է, որ պետք է սոցիալական պայքարի հետ միասին առաջ մղել նաեւ քաղաքական պայքար, գերիների վերադարձի թեման, Արցախի վերադարձի հարցը։ Պրոնիկոլական արցախցիները կարծում են, որ պետք է միայն սոցիալական թեման բարձրացնել։

Այս գիծը կատաղի կերպով առաջ մղողներից մեկն էլ «Ազատ հայրենիք» խմբակցությունից երկու կին են, որոնք Աննա Հակոբյանի «Էրատո» ջոկատի անդամներ էին ժամանակին՝ Էլեոնորա Ավանեսյանը եւ Արեւիկ Պետրոսյանը։
Մեղմ ասած՝ անհասկանալի է իրեն պահում նաեւ Սամվել Շահրամանյանը։ Նա ոչ միայն ընդհատակ է իջել, այլեւ պարզ չէ, թե՝ ուզո՞ւմ է նորից վերընտրվել Արցախի նախագահի պաշտոնում, թե ոչ եւ առհասարակ՝ ինչ դիրքորոշում ունի։ Նա ասել է, որ խնդիրը Արցախի ինստիտուտները պահպանելն է, պետք է անպայման օրենսդրական փոփոխություններն անել, որ այդ ինստիտուտները պահպանվեն, բայց ինքը ներքաղաքական թեմաների հետ գործ չունի՝ եթե Հայաստանի ժողովուրդն իշխանափոխություն անի, դրանից հետո իրենք իրենց դիրքորոշումը կհայտնեն։

Մեզ ասացին նաեւ, որ Սամվել Շահրամանյանի այս տարօրինակ պահվածքը նոր չէ՝ նրան «կուրացիա» է անում անձամբ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ում վրա դրված է Շահրամանյանին չեզոքացնելու պատասխանատու գործը: Դժվար է ասել, թե Աբազյանն ինչ է խոստացել Շահրամանյանին եւ ինչով է նրան պահում «կոնտրոլի» տակ, բայց արցախյան շրջանակները համարում են, որ Արցախի նախագահը սխալ ճանապարհով է գնացել եւ հրաժարվել է իր պաշտոնական պարտականությունները կատարելուց»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: