Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարճ պատմությունը ցույց է տալիս, որ եղել են գործընթացին մի շարք օժանդակողներ, միջնորդներ, ինչպես Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը, տարբեր երկրներ։ Այդ մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինքը խնդրե՞լ է Թուրքիային Հայաստան-Ադրբեջան գործընթացում իրականացնել դյուրացնողի դեր, երբ կարծես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները գտնվում են փակուղում։

«Բայց Հայաստան-Ադրբեջան բանակցությունների պատմությունը ցույց է տալիս, որ երբ մենք ունեցել ենք երկկողմ բանակցություններ, այդ բանակցություններն ամենահաջողն են եղել։ Ուստի, հնարավոր է՝ բոլոր այն երկրները, որոնք հետաքրքրված են Հարավային Կովկասում խաղաղությամբ, հետաքրքրված են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում խաղաղությամբ, կարող են մասնակցել այս գործընթացին ինչ-որ ձևով։


Բայց երբ խոսքը վերաբերում է կոնկրետ բանակցություններին, երբ մենք մենակ ենք՝ երկու երկրները մեկ սենյակում, մենք կարող ենք, ունենք հնարավորություն ուղիղ խոսելու, մենք ունենք շփումներ, մենք հեշտությամբ մտքեր ենք փոխանակում։

Այսինքն, տեխնիկական տեսանկյունից մենք խնդիրներ չունենք։ Ուստի, հավանաբար, մեզ այլ միջնորդություն անհրաժեշտ չէ։ Բայց կրկին, բոլոր այն երկրները, որոնք ես նշեցի, հավանաբար՝ նաև ևս մի քանիսը, կարող են դրական ներդրում ունենալ։ Ուստի, ներգրավվածությունը չպետք է սահմանափակվի միայն բանակցությունների միջնորդությամբ»,-ասել է ԱԳ նախարարը: