Գործադիրի որոշմամբ Գորիսի պետական և Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջները միաձուլման ձևով կվերակազմակերպվեն` Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ ստեղծելու համար:
Ըստ հիմնավորման՝ Գորիսի պետական քոլեջում սովորում է 302 ուսանող՝ 10 մասնագիտություններով: Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում սովորում է 291 ուսանող՝ 8 մասնագիտություններով: Վերջինիս ամրացված ուսումնական մասնաշենքում իրականացվում է վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ, նախատեսված է նաև Գորիսի պետական քոլեջում ուսուցանվող մասնագիտությունների հետագա ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:
Կառավարությունն ընդունել է նաև «Գույք նվիրաբերելու մասին» որոշում, որով նախատեսվում է Լոռու մարզպետի աշխատակազմին ամրացված Մանկական արվեստի դպրոցի շենքը նվիրաբերել Ալավերդի համայնքին՝ Օձուն գյուղում արտադպրոցական կրթության կազմակերպումն ապահովելու նպատակով շենքի վերակառուցման, սեյսմազինվածության բարձրացման և տարածքի բարեկարգման աշխատանքներ կատարելու համար։
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Ալավերդի համայնքը պարտավորվում է ընթացիկ տարում շենքում կատարել վերակառուցման, սեյսմազինվածության բարձրացման և տարածքի բարեկարգման աշխատանքներ՝ ներդնելով 80 մլն դրամ։ Արվեստի դպրոցը գործունեություն է ծավալում մանկապարտեզի շենքում, որն ունի թվով 181 սան։ Արվեստի դպրոցի աշխատակիցների թիվը 23 է, իսկ աշակերտների թիվը՝ 158։ Մանկապարտեզի շենքային պայմանները չեն բավարարում արվեստի դպրոցի գործունեության նպատակային կազմակերպմանը։