Իրենք բազմաթիվ հնարավորություններ են ունեցել ինձ հետ հանդիպելու, մենք քննարկել ենք այդ հարցերը, իրենք առաջարկել են հասարակական կազմակերպություն ստեղծել, որում մենք իրենց օգնել ենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով այսօր Արցախի ներկայացուցչության դիմաց արցախցիների բողոքի ակցիայի կազմակերպիչներին:
«Իրենք խնդրել են, որ մենք իրենց լիազորենք, որ իրենք զբաղվեն այդ հարցերով եւ ներկայացնեն հասարակությանը, թե ինչ է կատարվել Արցախում, որովհետեւ, այսպես կոչված, թալանը պրոյեկտվում է բոլոր արցախցիների վրա: Մի խումբ մարդիկ օգտվել են այդ ամեն ինչից, բայց արցախցիները կրում են այսօր պատասխանատվությունը բոլորի համար»,-ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը, Ներդրումային հիմնադրամում որքան գումար կա այս պահին, ինչու են միջոցները սառեցվել եւ ովքեր են այդ մի խումբ մարդիկ, որոնք օգտվել են այդ թալանից, Շահրամանյանը պատասխանեց. «Ներդրումային հիմնադրամը տեղափոխվելուց հետո չի գործում: Խոսքը Արցախում տեղի ունեցած գործողությունների մասին է, ներդրումային հիմնադրամը, հենց դրա համար է ստեղծվել, որպեսզի տրամադրի գումարներ ներդրումներ իրականացնելու համար։ Հիմա բոլորին մեղադրում են թալանի մեջ, բայց դա պետք է ստանա իրավական գնահատական։
Ինձ մոտ եկած այդ մարդիկ որևիցե մեղադրանք իմ ուղղությամբ չեն հնչեցրել: Ես ուզում եմ դիմել նաև մեր ժողովրդին, որպեսզի ճշմարտությունը իմանան, տարբեր քննարկումներ է գնում, որ Արցախի նախագահ ապրում է դղյակներում, ունի բիզնեսներ, տաքսի սերվիսներ, գազի զապրավկաներ է ձեռք բերել: Այս ամեն ինչը ճշմարտությանը չի համապատասխանում։
Ես Երևան քաղաքում ապրում եմ 2012 թվականին իմ կողմից ձեռք բերված 60 քմ մակերեսով 2 սենյականոց բնակարանում՝ հինգ հոգանոց ընտանիքով»:
Դիտարկմանը, որ ակցիայի մասնակիցները նշում էին, որ 48 անուն ընտանիքներ, կլաններ են օգտվել դրանից, Շահրամանյանն ասաց. «Այս ամենը շահարկումներ են և հաշվի առնելով տեղահանումից հետո նման շահարկումների քանակը, մենք դիմել ենք դատախազություն, որպեսզի տա իրավական գնահատական, ի վերջո հանրությանը տեղյակ լինի, թե ովքեր են այդ մարդիկ: Այս պահին չի կարելի ասել, ովքեր են թալանել, մինչև չլինի դատավարություն: Ես տեղյակ չեմ չեմ կարող տալ իրավական գնահատական, դա պետք է տա իրավապահ համակարգը»:
Նա ընդգծեց, որ ինքը որպես վկա հարցաքննվել է 2024-ի փետրվարին և Հակակոռուպցիոն կոմիտեում, և Քննչական կոմիտեում: