Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դուրս է եկել Արցախի ներկայացուցչության դիմաց ու ակցիա իրականացնող արցախցիներին հայտնել, որ ինքը նույնպես կողմ է, որպեսզի այն, ինչ ժողովրդից թալանվել է, վերադարձվի։


«Ես էլ եմ կողմ, որ այդ թալանը պետք է վերադարձվի մեր ժողովրդին և այդ նպատակով դեռ 2023 թ. նոյեմբերի 8-ին իմ կողմից համապատասխան գրություն է գրվել ՀՀ գլխավոր դատախազին, որի հիման վրա հարուցվել է համապատասխան քրեական գործ:


Ես հրավիրվել եմ հարցաքննության, եղել եմ վկայի կարգավիճակով։ Այդ ժամանակ առգրավվել են Ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային կրիչները։ Մինչև 1,000 դրամ իրենք գիտեն, թե ինչ է կատարվել Արցախում այդ հիմնադրամում։ Այդ քրեական գործի շրջանակում նաև Արցախի պետական պաշտոնյաներ են հարցաքննվել, այդ թվում հենց հիմնադրամի տնօրենը։ Վերջերս իրավապահ մարմիններին հորդորել ենք ակտիվացնել այդ ուղղությամբ տարվող գործողությունները»,– նշել է Արցախի նախագահը։

Նշենք, որ Արցախի ներկայացուցչության առջև արցախցիներն ակցիա են իրականացնում` պահանջելով նախագահ Սամվել Շահրամանյանից լուծել իրենց առջև ծառացած սոցիալական հարցերը ու դատախազության միջոցով օգնել քաղաքացիներին վերադարձնել Արցախում 48 ընտանիքի կողմից թալանված 467 մլն դոլարը։