Ճեղք կա ժողովրդի և Հայաստանում հաստատված իրավակարգի միջև: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, Երևանում ընթացող «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
»Իմ գնահատականը եղել է և շարունակում է մնալ այն, այս ընթացքում ես միայն համոզվել եմ դրանում, որ այդ իրավակարգի ճեղքը կախված է և կապված է նաև նրա հետ, որ ըստ էության, բոլոր սահմանադրական հանրաքվեներում եղել է որոշակի հանրային ընկալում և համոզմունք, որ այնուամենայնիվ պաշտոնապես արձանագրված արդյունքները սահմանադրական հանրաքվեների չեն արտահայտում ժողովրդի կամքը կամ ճշգրիտ չեն արտահայտում այդ կամքը։
Ես դրա մասին շատ խոսում եմ հիմա տարբեր տեղերում իրական Հայաստանի գաղափարախոսությունը ներկայացնելիս: Սա շատ կարևոր նրբություն է, և ես այստեղ ֆունդամենտալ խորը խնդիր եմ տեսնում նաև նրանում, որ ժողովրդի և երկրում հաստատված իրավակարգի մեջ օրգանական կապի խնդիր ունենք մենք։
Այստեղ նաև որոշակի ճեղքեր են առաջացել և իմ կարծիքով՝ այդ պրոբլեմները առաջանում են, ձևավորվում են այդ ճեղքերում: Սա հարց է, որի մասին մենք պետք է մտածենք: Քանի դեռ նման քննարկումների անհրաժեշտություն այս շեշտադրումներով կա և մենք այս քննարկումները իրականացնում ենք, համենայնդեպս դա վկայությունն է այն բանի, որ մենք չենք հասել այն կետին, որին ուզում էինք հասնել»,- ընդգծեց Փաշինյանը: