ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու, նախկին զինդատախազ Գևորգ Կոստանյանի մասնագիտական գործունեությանը:
Նա նշեց, որ Գևորգ Կոստանյանի` ՀՀ գլխավոր դատախազ նշանակելու վերաբերյալ ամենատպավորիչ մեկնաբանություններն է լսել մի խումբ փաստաբաններից, որոնք ասել են, թե Սերժ Սարգսյանն Աղվան Հովսեփյանից ավելի վատ թեկնածու կարող էր ընտրել միայն Գևորգ Կոստանյանին:
«Ինձ համար խնդիր էր հասկանալ, թե որքանով է օբյեկտիվ նման գնահատական տալ մի մարդու մասին, ում հասցեին նույնիսկ ընդդիմադիր համարվող որոշ շրջանակներ են փոքրիկ դիֆերատներ ձոնում: Նրանք տպավորված են, որ Կոստանյանը դիպլոմ ունի Նոթինգեմի համալսարանից, բայց ասված է, որ ծառը պտուղից են ճանաչում և Կոստանյանի դատախազական կերպարն ընկալելու համար նախ պետք է ուսումնասիրել պտուղները, որ նա տվել է Հայաստանի զինվորական դատախազ լինելու ընթացքում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը` որպես օրինակ բերելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանությանը, որի գործը քննել է հենց Գևորգ Կոստանյանը:
«Այսպիսով` վերը նշված փաստերի համադրումը ակնհայտ է դարձնում, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած գործը, վարող մարմինը՝ Զինդատախազը, ներկայիս ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի գլխավորությամբ ամեն ինչ արեց շրջանցելու, լղոզելու այն փաստերը, որոնք հնրավորություն կտային ապացուցելու, որ Ավետիք Բուդաղյանին մահացու վիրավորումը կարող էր հասցնել Սուրիկ Խաչատրյանը: Իրավական երկրում Կոստանյանին ոչ թե գլխավոր դատախազի թեկնածու կառաջադրեին, այլ նրա պաշտոնավարումը կկասեցնեին և կքննարկեին նրա` որպես կասկածյալ գործում ներգրավվելու հարցը»,-իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը հայտարարեց, որ ինքը դեմ է քվեարկելու Գևորգ Կոստանյանի թեկնածությանը:
Փաշինյանը դեմ կքվեարկի Կոստանյանի թեկնածությանը
