ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանն այսօր ԱԺ-ում ամփոփիչ ելույթ ունեցավ, որի ժամանակ անդրադարձավ իր հասցեին որոշ պատգամավորների կողմից հնչեցրած քննադատություններին:

«Ես բազմիցս ասել եմ , որ ցանկացած գործ, որտեղ կա հանրային հետաքրքրություն կամ առանց հանրային հետաքրքրության, ցանկացած անձի հետ պատրաստ եմ հրապարակային քննարկման»,- ասաց Գևորգ Կոստանյանը:

Նա նշեց, որ բաց է ցանկացած բնույթի մասնագիտական հարցեր քննարկելու համար` ընդ որում այն նկատառումով, որ այս ամբիոնը մասնագիտական հարցեր քննարկելու համար է, այլ ոչ թե քաղաքական, ուստի ցանկացած հարցի կարող է անդրադառնալ բացառապես մասնագիտական տեսանկյունից:

«Քաղաքական տեսակետից ինձ երբեք թույլ չեմ տա և երբեք առիթ չեք ունենա ինձ հետ այդ հարցի շուրջ խոսել: Ես և մեզանից յուրաքանչյուրը աշխատում է այն ուղղությամբ, որ իր երեխաները երաշխավորված լինեն թե օրինականության, թե ապահովության և թե արդարության տեսակետից` անկախ նրանից, թե մենք` ծնողներս, ինչ պաշտոններ ենք զբաղեցնում: Իմ առաջ խնդիր է դրված, որ իմ երեխան, անկախ նրանից ես դատախազ եմ, թե ոչ, որևէ տարբերություն հասարակության կողմից ցուցաբերվող վերաբերմունքից չզգա: Անկախ նրանից, ես կնշանակվեմ այս պաշտոնում, թե չեմ նշանակվի, ես ձեզ վստահեցնում եմ, որ ծառայել եմ և շարունակելու եմ ծառայել իմ հայրենիքին»,- ասաց Գևորգ Կոստանյանը:

Նշենք, որ այս պահից սկսած ԱԺ-ում ընթանում է ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուի քվեարկությունը, որի արդյունքները կամփոփվեն 14:30-ից հետո: