Նիդեռլանդները պետք է պատրաստ լինի նոր ռազմական մարտահրավերների և «մինչև ատամները զինվի»՝ իր անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին Վիլեմ-Ալեքսանդր թագավորը հայտարարել է Վրեդեպիելի (Լիմբուրգի նահանգ) զորանոցներ այցելության ժամանակ, որտեղ ուկրաինացի զինծառայողները մարզումներ են անցնում։ «Մենք, հնարավոր է, չափազանց երկար ժամանակ ազատությունն ու խաղաղությունը ընդունել ենք որպես ինքնըստինքյան գոյություն ունեցող երեւույթներ, սակայն Ուկրաինայում պատերազմը և այլ հակամարտությունները հստակ ցույց են տալիս, որ դա այլևս այդպես չէ։ Մենք պետք է պատրաստ լինենք, հակառակ դեպքում ամեն ինչ վատ կլինի», - թագավորի խոսքերն է մեջբերում NOS-ը։


Վիլեմ-Ալեքսանդրը նշել է, որ Նիդեռլանդները պետք է ոչ միայն ամրապնդեն իրենց պաշտպանությունը, այլև լրջորեն զբաղվեն վերազինմամբ։ Նրա խոսքով՝ երկրի պաշտպանական արդյունաբերությունը պետք է ունակ լինի կրկին արտադրել իրական ռազմական հակամարտության պայմաններում անհրաժեշտ սարքավորումներն ու զենքերը։


Ինչպես ապրիլի կեսերին հայտարարել է իշխող կոալիցիայի մաս կազմող Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցության (VVD) առաջնորդ Դիլան Եշիլգյոզ-Զեգերիուսը, Նիդեռլանդների կառավարությունը մտադիր է պաշտպանության և անվտանգության կարիքների համար հատկացնել ավելի քան 1.1 միլիարդ եվրո։ Բացի այդ, 2025 թվականին Նիդեռլանդները նախատեսում է Կիևին հատկացնել 2 միլիարդ եվրո, որից 500 միլիոնը կուղղվի անօդաչու թռչող սարքերի արտադրությանը, ավելի վաղ հայտարարել էր VVD պատգամավոր Ռուբեն Բրեկելմանսը։ Ավելի վաղ Ուկրաինան Նիդեռլանդներից ստացել էր F-16 կործանիչներ։