«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 5-ին ԱԺ-ում տեղի կունենա խորհրդի նիստ, որը պետք է հաստատի ԱԺ լիագումար նիստի օրակարգը: Տեղեկացանք, որ մայիսի 6-ին մեկնարկող ԱԺ լիագումար նիստին ներկայացվելու է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, որը ՔՊ խմբակցության ձեռամբ հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել անցած շաբաթ:
Սակայն ընդդիմադիրները, օգտվելով իրենց իրավունքից, Քոչարյանի հարցը մտցրել են լիագումար նիստերի օրակարգ, և Անդրանիկ Քոչարյանը պետք է մեկ անգած էլ ԱԺ ամբիոնից լսի ընդդիմադիրներին, որոնք կքննադատեն իրեն:
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն առաջարկում են էթիկայի հանձնաժողով ստեղծել՝ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը քննելու հարցով։ Նախագիծն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացրեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Առաջարկվում է հանձնաժողովի կազմը սահմանել 5 անգամ, գործունեության ժամկետը՝ 2 ամիս, եզրակացության ներկայացման ժամկետը՝ հանձնաժողովի գործունեության ավարտը։ Սակայն ՔՊ ականները, առանց բացատրության, դեմ քվեարկեցին: Նշենք, որ Քոչարյանը մարտի 20 -ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ կոշտ տոնով պահանջել էր լրագրողից հեռանալ իր կողքից, հայտարարել, թե նա իրեն խանգարում է, սպառնացել՝ չհեռանալու դեպքում հարցազրույց չտալ մյուս լրագրողներին, իսկ վերջում մեկնաբանություն արել լրագրողի շուրթերի մասին»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: