«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 1-4-ը մայրաքաղաքում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարը: Սպորտային միջոցառումների կազմակերպման ծառայություններ և «Երևանի քաղաքապետի գավաթ 2025»-ի համար հատկացվել է 69 մլն 578 հազար դրամ (մոտ 176 հազար ԱՄՆ դոլար) գումար քաղաքային բյուջեից։
Ըստ փաստաթղթերի՝ «Երևանի քաղաքապետի գավաթ» մրցաշարն անհրաժեշտ է անցկացնել 4 մարզաձևերից՝ բռնցքամարտ, ձյուդո, վոլեյբոլ և բասկետբոլ:
Պայմանագրի համաձայն՝ բռնցքամարտիկներին անհրաժեշտ է ապահովել՝ մրցավարների և սպասարկող անձնակազմի օրապահիկների բաշխում և դրամական պարգևատրում՝ օրական 20.000-ական դրամ։
Հաղթողներին և մրցանակակիրներին անհրաժեշտ է ապահովել դրամական պարգևատրումով 13 քաշային կարգերում՝ 1-ին տեղ 500.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ 300.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ 200.000 ՀՀ դրամ․ հարկերը ներառված չեն։
Պայմանագրի համաձայն՝ ձյուդո մարզաձևում մրցավարներին և սպասարկող անձնակազմին անհրաժեշտ է ապահովել օրապահիկների կանխիկ գումարների բաշխումով։ Այն կազմում է դրամական պարգևատրում՝ օրական 15.000-ական դրամ, առնվազն 30 անձի համար։
Անհրաժեշտ է հաղթողներին և մրցանակակիրներին ապահովել դրամական պարգևատրումով՝ 1-ին տեղ 150.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ 100.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ 80.000 ՀՀ դրամ, ինչպես նաև հաղթողների մարզիչներին՝ 75.000-ական ՀՀ դրամ․ հարկերը ներառված չեն։
Պայմանագրի համաձայն՝ անհրաժեշտ է ապահովել վոլեյբոլի մրցավարներին և սպասարկող անձնակազմին օրապահիկների կանխիկ գումարների բաշխում և դրամական պարգևատրում օրական 10.000-ական դրամ (առնվազն 30 մրցավար)։ Անհրաժեշտ է ապահովել նաև հաղթող և մրցանակակիր թիմերին դրամական պարգևատրում՝ 1-ին տեղ 3.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ 2.000.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ 1.000.000 ՀՀ դրամ․ հարկերը ներառված չեն։
Անհրաժեշտ է ապահովել բասկետբոլի մրցավարների և սպասարկող անձնակազմի օրապահիկների բաշխում և դրամական պարգևատրում՝ օրական 10.000-ական դրամ։
Հաղթողներին և մրցանակակիրներին անհրաժեշտ է ապահովել դրամական պարգևատրում՝ 1-ին տեղ 3.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ 2.000.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ
1.000.000 ՀՀ դրամ․ հարկերը ներառված չեն։
Թվում է, թե ամեն բան կարգին է, սակայն այս միջոցառումը կազմակերպող անհատ ձեռներեց «Արմիկ Սարուխանյան Սամվելի» Ա/Ձ-ն հիմնվել է մարտի 14-ին, իսկ պայմանագիրը կնքվել է մեկ ամիս անց՝ ապրիլի 25-ին։ Հարկ է նշել, որ անգամ ամենափորձառու ընկերություններին 178 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր կնքելը դժվար է տրվում։
Այս անփորձ ընկերությունը նույն օրը կնքել է Երևանի քաղաքապետարանի հետ 2-րդ պայմանագիրը, որն արժեցել է 3 մլն 900 հազար դրամ։
Երկրորդ պայմանագրով «Արմիկ Սարուխանյան Սամվելի» Ա/Ձ-ն պարտավորվում է կազմակերպել «Վերջին զանգ-2025 թվական» միջոցառումը։ «ԹՈՒՄՈ»-ի այգում կազմակերպվելու է Վերջին զանգի օրվան նվիրված տոնական միջոցառում-համերգ բարձրակարգ, ճանաչված, էստրադային երգիչ/երգչուհիների (2հոգի), հայտնի նվագախումբ/բենդի և DJ-ի (էլեկտրոնային երաժշտություն) մասնակցությամբ:
Միջոցառման ընթացքում անհրաժեշտ է ապահովել ընդհանուր թվով 100 սպիտակ (հելիում գազով) փուչիկներ՝ 90 հատը սովորական, 10 հատը աղավնու տեսքով։
Նշված անհատ ձեռներեցը կարծես միջոցառումների կազմակերպման հարցում շատ լուրջ է տրամադրված և գնառաջարկ է ներկայացրել ԵՊՀ շրջանավարտների ֆորում միջոցառման կազմակերպական ծառայությունների մատուցման համար, որը կազմել է 14 մլն դրամ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					