Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստել Հնդկաստանի և Պակիստանի միջև աճող լարվածության մեղմացմանը՝ երկու միջուկային զենք ունեցող հարևանների միջև լարվածության լուրջ սրումից հետո։
«Մենք պատրաստ ենք համագործակցել միջազգային հանրության հետ և շարունակել կառուցողական դեր խաղալ առկա լարվածության մեղմացման գործում», – ճեպազրույցի ժամանակ հայտնել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզիանը, հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները:
Ավելի վաղ Հնդկաստանը հայտարարել էր, որ կեսգիշերին հարվածներ է հասցրել Պակիստանի քաղաքներին և Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրին։
Պակիստանը հայտարարել է, որ հարձակումը խախտում է իր ինքնիշխանությունը և իրավունք ունի պատասխանել դրան։
Հիշեցնենք, որ միջուկային զենք ունեցող հարևանների միջև լարվածությունը սրվել էր ապրիլի 22-ին Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրի Փահալգամ քաղաքում տեղի ունեցած հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել էր 26 մարդ։
Հնդկաստանը հարձակման համար մեղադրել էր Պակիստանին։ Պակիստանն էլ իր հերթին հերքել էր, որ որևէ կապ ունի այդ սպանությունների հետ։