Չինաստանի նախագահ Սի Ծինփինը վստահ է, որ իր այցը Ռուսաստան ավելի կամրապնդի ռազմավարական գործընկերությունը երկու երկրների միջեւ եւ կնպաստի գլոբալ ռազմավարական կայունության պահպանմանը։
«Իմ այցի ընթացքում ես կհանդիպեմ նախագահ Պուտինի հետ՝ երկկողմ հարաբերությունների, գործնական համագործակցության եւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հիմնական միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ մտքերի խոր փոխանակման նպատակով՝ նոր դարաշրջանում Չինաստան-Ռուսաստան համագործակցության համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացմանը հզոր խթան հաղորդելու համար»,- հինգշաբթի մեջբերել է Չինաստանի ԱԳՆ-ն Սի Ծինփինի գրավոր հայտարարությունը, որը տարածվել է նրա Մոսկվա ժամանելուն պես, տեղեկացրել է «Սինհուան»։
Դրանում ասվում է, որ «Չինաստան-Ռուսաստան անկախ եւ առողջ հարաբերությունները» ոչ միայն ծառայում են երկու ժողովուրդների շահերին, այլեւ «կարեւոր ներդրում ունեն գլոբալ ռազմավարական կայունության պահպանման եւ հավասար ու կանոնավոր բազմաբեւեռ աշխարհի առաջմղման գործում»:
Չինաստանի նախագահն ընդգծել է, որ Չինաստանը եւ Ռուսաստանը «կաշխատեն միասին՝ պաշտպանելու Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի ձեռքբերումները, հաստատակամորեն պաշտպանելու միջազգային իրավունքի վրա հիմնված միջազգային կարգը, կընդդիմանան հեգեմոնիային եւ ուժային քաղաքականությանը, կկիրառեն իրական բազմակողմանիություն եւ կնպաստեն ավելի արդար եւ խելամիտ գլոբալ կառավարման համակարգի կառուցմանը»: