ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը չի կարող վերսկսվել ներկա պայմաններում՝ չնայած թուրքական հասարակության մեծ մասի դեմոկրատական եւ եվրոպամետ ձգտումներին, չորեքշաբթի նշվել է Եվրախորհրդարանի ընդունած զեկույցում։
Զեկույցի հաստատման օգտին քվեարկել է 367 եվրապատգամավոր, 74-ը՝ դեմ եւ 188ը՝ ձեռնպահ։ «Եվրախորհրդարանի պատգամավորները խորապես անհանգստացած են Թուրքիայուն դեմոկրատական չափորոշիչների շարունակվող վատթարացմամբ եւ քննդատական ձայների ճնշմամբ։ Նրանք դատապարտում են կոշտ գործողությունները վերջերս տեղի ունեցած խաղաղ բողոքների ժամանակ եւ հարյուրավոր ցուցարարների հետապնդումները հապճեպ զանգվածային դատավարությունների միջոցով, առանց քրեական իրավախախտումների որեւէ ապացույցի»,- նշվել է ԵԽ կոմյունիկեում Ստրասբուրգում պլենար նստաշրջանից հետո։ Ըստ զեկույցի՝ «թուրքական կառավարությունը չի կարողացել լուծել հիմնարար ժողովրդավարական թերությունները», որոնք անհրաժեշտ են Եվրամիությանն անդամակցելու գործընթացում։
Փաստաթղթի համաձայն՝ թուրքական իշխանությունները «երկիրն էլ ավելի են մղում դեպի լիովին ավտորիտար մոդել»։ Զեկույցում նշվել է, որ ԵՄ անդամակցությունը պայմանավորված է անդամակցության որոշակի չափանիշների բավարարմամբ, ինչպիսին են՝ «ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, փոքրամասնությունների հարգանքն ու պաշտպանությունը, բարիդրացիական հարաբերությունները, միջազգային իրավունքի հարգումը եւ ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականությանը համապատասխանելը երաշխավորող կայուն ինստիտուտները»: Սրանք բացարձակ չափանիշներ են, հիշեցրել են ԵՄ խորհրդարանականները։ «ԵՄ-ին անդամակցելու չափանիշներն անսակարկելի են»,- ընդգծվել է զեկույցում։ Եվրախորհրդարանը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին, ԵՄ կառույցներին եւ անդամ երկրներին շարունակել աշխատել «ավելի սերտ, դինամիկ եւ ռազմավարական գործընկերության ուղղությամբ՝ հատուկ կենտրոնանալով կլիմայի փոփոխության, էներգետիկ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության եւ տարածաշրջանային կայունության պայքարի վրա»։
1999թ. դեկտեմբերին Եվրոպական խորհուրդը Թուրքիան ճանաչել է որպես ԵՄ անդամակցության թեկնածու երկիր։ 2005թ. հոկտեմբերին սկսվել են բանակցությունները երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ։ 2018թ. ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ բանակցությունները կասեցված են։ «Բանակցությունները փաստացի մտել են փակուղի»,- նշվել է խորհրդի փաստաթղթում։