Հնդկաստանը Պակիստանում սպանել է ավելի քան 100 ահաբեկչի՝ «Սինդուր» գործողության շրջանակում: Այս մասին հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը հնդկական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Հանդիպման բովանդակությունը հայտնել է հնդկական NDTV հեռուստաալիքը։

Սինգհի խոսքով՝ «Սինդուրը» «շարունակական գործողություն է»։ Նա նշել է, որ Հնդկաստանը չի ցանկանում հետագա հարվածներ հասցնել, սակայն պատասխան հարված կհասցնի, եթե պակիստանյան ուժերը հարձակվեն։

Սինգհը նախազգուշացրել է Իսլամաբադին ռազմական միջոցների չդիմելու եւ հակամարտությունների հետագա սրման մասին:

Հնդկա-պակիստանյան հարաբերությունները վատթարացել են ապրիլի 22-ին հնդկական Ջամու եւ Քաշմիր միութենական տարածքում, Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետեւանքով զոհվել են 25 Հնդկաստանի քաղաքացի եւ մեկ նեպալցի:

Հնդկաստանը հայտարարել է, որ ապացույցներ ունի, որ Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը (ISI) ներգրավված է եղել Լաշքար-է-Թայբայի կողմից իրականացված հարձակմանը: Նյու Դելին եւ Իսլամաբադը փոխադարձ սահմանափակումներ են մտցրել, կասեցրել են երկկողմ համաձայնագրերը եւ փակել միմյանց օդային տարածքը ինքնաթիռների համար։