Երեկ՝ մայիսի 11-ին, Բազելում կայացել է «Եվրատեսիլ 2025»-ի փիրուզագույն գորգի արարողությունը, որով պաշտոնապես ազդարարվում է մրցույթի բացումը: 37 երկրների արտիստները, այդ թվում Հայաստանը ներկայացնող Պարգը, քայլել են գորգի վրայով, լուսանկարվել երկրպագուների հետ ու պատասխանել լրագրողների հարցերին:
Արտիստներից յուրաքանչյուրը ներկայացել է հետաքրքիր կերպարով:
Պարգն իր ելույթից մի քանի կադրով կիսվել է ինստագրամյան իր էջի «սթորի» բաժնում:
Մրցութի բացման արարողությանը Հայաստանի ներկայացուցիչը, գրեթե, ամբողջական սպիտակ կերպարում էր, որը կրկին փոխանցում էր երգչի՝ ըմբոստ մարտիկի ոգին, որը նա ներդրել է իր Survivor երգի մեջ:
Պարգն ընտրել էր սպիտակ ջինսե տաբատ, «Survivor» գրությամբ սեւ զանգվածային գոտի, շղթաներ, մետալիկ կոշիկներ եւ բայքերի ոճով բաճկոն, բայց ավելացրել էր հետաքրքիր լուծում՝ ծոպերի տեսքով:
Հայաստանի ներկայացուցիչն իր Survivor երգը կատարելու է մրցույթի երկրորդ կիսաեզրափակչին՝ մայիսի 15-ին՝ 5-րդ համարի ներքո։ «Եվրատեսիլ 2025»-ի առաջին կիսաեզրափակիչը նախատեսված է մայիսի 13-ին, եզրափակիչը՝ 17-ին։