Նիդեռլանդներից ֆիզիկոսները վերահաշվարկել են տիեզերական մարմինների սպասվող քայքայման ժամանակը. դրանք, ամենայն հավանականությամբ, կանհետանան շատ ավելի արագ, քան նախկինում ենթադրում էին։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Cosmology and Astroparticle Physics գիտական հանդեսում։
Ըստ նոր գիտական աշխատանքի՝ աստղային մնացորդների վերջնական անհետացումը տեղի կունենա մոտ 10^78 (10-ը 78-րդ աստիճան) տարի անց՝ անթիվ կարգերով ավելի վաղ, քան նախկինում ենթադրում էին (գնահատականը մոտ 10^1100 տարի էր): Գիտնականները նման եզրահանգում են արել՝ օգտագործելով աստղաֆիզիկայի, քվանտային դաշտի տեսության և մաթեմատիկայի գործիքները։
Վերանայումը հիմնված է Հոքինգի ճառագայթման թարմացված մեկնաբանության վրա, որը բրիտանացի տեսական ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի՝ 1975 թվականին առաջարկած գործընթացն է: Ըստ նրա տեսության՝ սև խոռոչները կարող են կորցնել զանգվածը՝ գոլորշիանալով քվանտային տատանումների պատճառով: Նման կերպ են անվանում տարածության և ժամանակի ամենափոքր մասշտաբներում տեղի ունեցող էներգիայի կարճաժամկետ փոփոխությունները։
Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ նմանատիպ «գոլորշիացման» մեխանիզմները կիրառելի են ոչ միայն սև խոռոչների, այլև նեյտրոնային աստղերի, սպիտակ թզուկներին և այլ ստվար աստղագիտական մարմինների նկատմամբ։
Հետազոտողները հաշվարկել են տասը տեսակի տիեզերական մարմինների քայքայման արագությունները՝ դրանք դիտարկելով բացառապես Հոքինգի ճառագայթմանը ենթարկվող մեկուսացված համակարգեր։ Պարզվել է, որ առարկայի կյանքի տևողությունը որոշող հիմնական գործոնը դրա խտությունն է։ Պարզվել է նաև, որ սև խոռոչներն ու նեյտրոնային աստղերը գոյություն կունենան մոտավորապես 10^67 տարի, մինչդեռ ամենաերկարակյացները կլինեն սպիտակ թզուկները, որոնք ընդամենը 10^78 տարի անց վերջնականապես կանհետանան։