YerevanNews.am-ը սկսում է «Մեր ֆուտբոլիստները» խորագիրը կրող շարքը, որտեղ նպատակ ունենք անհատապես ներկայացնել մեր հավաքականի ֆուտբոլիստներին և նրանց անցած ուղին: Առաջինը որոշել ենք անդրադառնալ Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամո» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Ռոման Բերեզովսկիին:
Նա ծնվել է 1974թ. Օգոստոսի 5-ին Երևանում:

Ռոման Բերեզովսկին իր կարիերան սկսել է Երևանի «Կոշկագործ» (հետագայում` «Շենգավիթ») ֆուտբոլային ակումբում, որի կազմում 1991թ. մասնակցել է ԽՍՀՄ 2-րդ խմբի Բ մրցաշարում։ Հայաստանի անկախացումից հետո` 1992թ.-ին «Շենգավիթ» թիմի կազմում մասնակցել է Հայաստանի անդրանիկ առաջնությանը։ 1992թ. ամռանը տեղափոխվել է «Սյունիք», որտեղ հանդես է եկել մինչև տարեվերջ։ Պատերազմի և ֆինանսական ծանր պայմանների պատճառով «Սյունիք» ֆուտբոլային ակումբը 1993թ. հրաժարվել է մասնակցել առաջնությանը և լուծարվել է, իսկ Ռոման Բերեզովսկին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ։ 1993թ.-ին հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի«Կոսմոս-Կիրովեց» թիմում, որը մասնակցում էր Ռուսաստանի 2-րդ խմբի առաջնությանը։ 1994թ.-ին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ», որտեղ հանդես է եկել մինչև 2000թ. ավարտը։ Այդ ընթացքում 1997թ.-ին ճանանչվել է Ռուսաստանի լավագույն դարպասապահ, իսկ 1998թ. դարձել Ռուսաստանի գավաթակիր։

2001թ.-ին տեղափոխվել է Մոսկվայի «Տորպեդո»։ Մեկ տարի անց տեղափոխվել է Մոսկվայի մեկ այլ ակումբ` «Դինամո», որտեղ հանդես է եկել մինչև 2005թ.-ի ավարտը։2006թ. տեղափովել է մերձմոսկովյան «Խիմկի»։ 2012թ. փետրվարին վերադարձել է Մոսկվայի «Դինամո», որտեղ հանդես է գալիս մինչ այժմ։

1994թ. Ռոման Բերեզովսկին հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական և սեպտեմբերի 6-ին մասնակցել Բելգիայի դեմ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի հանդիպմանը։ Ընդհանուր առմամբ երիտասարդական հավաքականում մասնակցել է 8 հանդիպման։

Ռոման Բերեզովսկին իր նորամուտը ազգային հավաքական նշել է 1996թ. օգոստոսի 31-ին` աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային` Պորտուգալիայի հավաքականի դեմ Երևանյան խաղին։ Մինչ այժմ ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնության չորս ( 2000, 2004, 2008, 2012) և աշխարհի առաջնության հինգ (1998,2002, 2006, 2010, 2014) ընտրական փուլերին։ Անցկացրած խաղերի քանակով Հայաստանի հավաքականի դարպասապահների ռեկորդակիրն է (81 հանդիպում):
Նշենք, որ Ռոման Բերեզովսկին մասնակցել է նաև Աշխարհի 2014 թ. առաջնության որակավորման փուլի բոլոր խաղերին՝ բացի Հայաստան-Դանիա խաղից, որը բաց է թողել Չեխիա-Հայաստան խաղի ընթացքում ստացած վասվածքի պատճառով: Այդ նույն պատճառով նա բաց էր թողել նաև Ռուսաստանի առաջնության «Ուրալի» եւ «Լոկոմոտիվի» հետ խաղերը:

Հոկտեմբերի 7-ին Բերեզովսկին կժամանի Երեւան՝ նախապատրաստվելու առաջիկա ընտրական հանդիպումներին:

Վերջերս Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Դան Պետրոսկուն «sport express»-ին տված հարցազրույցում խոսել է նաև դարպասապահների մասին, նշելով, որ մրցաշրջանում իրենք լավ ժամանակահատված են անցկացրել այն, երբ դարպասը վստահել են Բերեզովսկուն:

«Իսկ հայ դարպասապահը շուտով 40 տարեկան կդառնա և չեմ կարող ասել, թե որքան երկար դեռ նա կկարողանա խաղալ, իսկ ես ցանկանում եմ, որ մեր թիմում մրցակցություն լինի», – ասել է Պետրեսկուն:

Իսկ հենց Բերեզովսկին, ասուլիսներից մեկի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ով կարող է իրենց փոխարինել արդեն ազգային հավաքականում, նա պատասխանել է. «Բոլորն էլ պատրաստ են փոխարինելու»:

Իսկ Դինամոյի նախկին մարզական տնօրեն Կոնստանտին Սարսանիան նշել է, որ չնայած Բերեզովսկին տարիքով է, սակայն տիրապետում է վարպետության, որը թույլ կտա նրան դեռևս երկուսից երեք տարի այսպիսի մակարդակով խաղեր ցույց տալ:

 

Լուսանկարները՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի